2022 թվականի հունիսի 1-ից 10 տոկոսով բարձրանում է Գյումրու համայնքապետարանի եւ համայնքապատկան 58 կառույցի մոտ 2023 աշխատողի աշխատավարձը:
«2021 թվականի վերջին մենք հաստատել ենք 2022 թվականի բյուջեն եւ բյուջեի համապատասխան հոդվածով պլանավորել էինք աշխատավարձերի բարձրացում։ Իրապես, մեր աշխատակիցների աշխատավարձերը ցածր են եւ, հաշվի առնելով նաեւ թանկացումները, մարդկանց սոցիալական դժվարությունները՝ քննարկել ու նախատեսել ենք աշխատավարձերի բարձրացում այս փուլում»,- տեղեկացնում է Գյումրու համայնքապետ Վարդգես Սամսոնյանը:
Համայնքի ղեկավարն ասում է՝ 10 տոկոսից ավելի բարձրացնելու հնարավորություն այս պահին համայնքը չունի, քանի որ միջոցները սուղ են: Պլանավորվում է աշխատավարձերի բարձրացում իրականացնել փուլային տարբերակով: Հաջորդող յուրաքանչյուր տարում աշխատավարձերը կբարձրանան եւս 10-ական տոկոսի չափով:
Նոր որոշման արդյունքում աշխատավարձի ֆոնդը ամսական բարձրացվում է մոտ 21 միլիոն դրամով:
Հիշեցնենք, որ 2021 թվականի հոկտեմբերի 17-ին Գյումրիում տեղի ունեցավ ավագանու ընտրությունը: 14 մանդատ ունեցող «Բալասանյան դաշինք» եւ 11 մանդատ ստացած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունների կնքած համաձայնագրով Գյումրու քաղաքապետ առաջադրվեց եւ ընտրվեց «Բալասանյան դաշինքի» ընտրական ցուցակի 1-ին համար Վարդգես Սամսոնյանը, իսկ փոխքաղաքապետներ նշանակվեցին իշխող ուժի ներկայացուցիչները:
Ըստ պայմանագրի՝ կողմերը պարտավորվել էին համատեղ ստանձնել քաղաքի կառավարումը։
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։