ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան անդրադարձել է Լեռնային Ղարաբաղ մի խումբ հայ պատգամավորների մուտքն արգելելու հանգամանքին՝ ասլով, թե նշված այցը նախապես համաձայնեցված չէր ռուսաստանյան խաղաղապահ առաքելության հրամանատարության հետ:
Զախարովան հայտարարել է, որ իրականությանը չեն համապատասխանում պնդումները, թե Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների գործողությունները հակասում են Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը:
Զախարովան պնդել է, թե խաղաղապահները գործում են բացառապես եռակողմ հայտարարություններին համապատասխան:
«Տեղի ունեցած միջադեպերի կապակցությամբ ակնկալում ենք, որ թե՛ ռուսաստանյան խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում, թե՛ հայ-ադրբեջանական սահմանի առանձին հատվածներում երկու կողմերը ձեռնպահ կմնան այնպիսի քայլերից, որոնք կարող են էլ ավելի սրել իրավիճակը տարածաշրջանում»,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։