ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Բաքվի առաջարկած «Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ միջպետական հարաբերությունների հաստատման հիմնարար սկզբունքները» եւ դրա վերաբերյալ Երեւանի արձագանքը հիմք են խաղաղության պայմանագրի շուրջ ադրբեջանա-հայկական բանակցություններ սկսելու համար։
Զախարովան ընդգծել է, որ Ռուսաստանը վճռական է Երեւանի եւ Բաքվի միջեւ խաղաղության պայմանագրի կնքմանն աջակցելու հարցում։
«Վաշինգտոնը եւ Փարիզը դադարեցրել են շփումները Մոսկվայի հետ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների եռյակի շրջանակում։ Հարավային Կովկասում իրական իրավիճակը բանակցային դադարներ թույլ չի տալիս։ Անհրաժեշտ են հետեւողական քայլեր տարածաշրջանում տեւական խաղաղության եւ կայունության վերականգնման ուղղությամբ, քանի որ ԱՄՆ-ը եւ Ֆրանսիան դադարեցրել են համանախագահների համագործակցությունը»,- նշված է Զախարովայի տարածած հայտարարության մեջ:
ՌԴ ԱԳՆ խոսնակը հայտնել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Խովաեւը կշարունակի իր աշխատանքը նոր պաշտոնում՝ որպես Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման աջակցության հարցերով ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ: Նրա ուշադրության կենտրոնում կլինեն խաղաղության պայմանագրի նախապատրաստման հարցերը։
«Հուսով ենք, որ Բաքվում եւ Երեւանում մեր դաշնակիցներն ու գործընկերները կօժանդակեն Խովաեւի ջանքերին։ Բաց ենք այլ շահագրգիռ խաղացողների հետ կառուցողական փոխգործակցության համար»,- նշել է Զախարովան: