Ողջույն կամ բարեւ…
Չի ստացվում այդ բարեւից հետո ստորակետ դնել ու գրել՝ վարչապետ։
Չի ստացվում նաեւ դիմել պարզապես Նիկոլ, ինչպես էն՝ արդեն հեռավոր թվացող 2018-ի օրերին, երբ ասում էիք, թե Հայաստանում կա երեք միլիոն վարչապետ, որովհետեւ ձեր ընտրությամբ մենք բոլորս ենք դառնում վարչապետ, ու հրապարակը գոռում էր՝ «Նի-կոլ»։
Ասում եք՝ «44-օրյա պատերազմի զոհերի թիվը այսօրվա դրությամբ 3825 է»։
Եվ ահա ես ինձ համարում եմ 3826-րդ զոհը, որ ո՛չ հերոսացել եմ, ո՛չ էլ զոհվել։ Որ, ցավոք կամ բարեբախտաբար, դեռ ապրում եմ։ Բայց ես զոհ եմ, որովհետեւ ես Քոչարյանից ու Սարգսյանից բան չեմ ակնկալել։ Իսկ ձեզ հավատացել եմ ու աջակցել 2018-ին։
Ես սպանված հավատն եմ՝ 3826-րդ զոհը։
Եվ ահա ես՝ սպանված հավատը՝ 3826-րդ զոհս, հիշեցնում եմ 2018 թվականի օգոստոսի 17-ի ձեր ելույթը.
«… Հեղափոխական Հանրապետության հրապարակը հռչակվում է որպես ժողովրդական իշխանության բարձրագույն մարմին: Սա նշանակում է, որ կառավարությունն ինչպես ձեւավորվել է այս հրապարակում, կառավարությունը սրանից հետո հաշվետու է այս հրապարակին, եւ սրանից հետո կառավարությունը ենթարկվում է այս հրապարակին: Սա նշանակում է, որ մենք Հայաստանի քաղաքական կյանքի, տնտեսական կյանքի կարեւորագույն որոշումները կայացնելիս պիտի ժողովրդով հավաքվենք այս հրապարակում եւ կառավարությանը լիազորենք իրականացնել այս կամ այն գործողությունը կամ կառավարությանն արգելենք իրականացնել այս կամ այն գործողությունը»:
Ու մեկ էլ՝ երկու օր առաջ՝ 2022 թվականի ապրիլի 13-ին, տարածվեց ձեր ինքնախոստովանական ցուցմունքը, որն ավելի շուտ ոչ թե մեղքն ընդունելու, ժողովրդին դիմելու, այլ էլի ու կրկին մեղքն այլոց վրա բարդելու ելույթ էր։
Եվ ես՝ հավատս, նորից «զոհվեցի»։
Ցինիզմը, պարո՛ն, առաջադիմական փիլիսոփայական հոսանք էր հին Հունաստանում՝ Ք.ծ.ա. 4-րդ դարում։ Բայց վաղուց, շատ վաղուց այն դարձել է հասարակության բարոյական նորմերն արհամարհելու, հասարակության նկատմամբ անթաքույց անպարկեշտ վարք դրսեւորելու բնութագրիչ։
Արդ, պարո՛ն, ձեր արտահայտությունը, թե «հանձնելով գուցե կփրկեի հազարավոր կյանքեր, իսկ չհանձնելով փաստորեն հազարավոր զոհերի հանգեցրած որոշումների հեղինակ դարձա», հենց այդ ցինիզմի գագաթնակետն է։
Գիտե՞ք՝ ինչու եմ սա ասում։ Որովհետեւ հիմա արդեն, հետին թվով իբրեւ ինքնարդարացում հայտարարում եք.
«Մեղավոր եմ, որ 2018, 2019 թվականներին մեր հանրության առաջ չեմ կանգնել ու չեմ բարձրաձայնել, որ…»։
Ստոպ. ձեր խոսքի շարունակությունն ընդամենը ինչ-որ առաջարկների կամ միջազգային գործընկերների պահանջների թվարկում է։ Ե՛վ այդ թվարկումով, ե՛ւ իբր թե որպես ինքնախարազանում բերվող խոսքերին հաջորդած բոլոր նախադասություններով նման որոշում չկայացնելու մեղքը բարդում եք միջազգային հանրության, արտաքին գործընկերների, 30 տարվա քաղաքականության վրա՝ ձեր իրական նպատակը՝ ինքնարդարացումը, քողարկելով «Սերժ Սարգսյանը ամենեւին էլ չէր չափազանցնում», «Ռոբերտ Քոչարյանը ամենեւին էլ չէր չափազանցնում» եւ այլ՝ միանգամայն մանիպուլյատիվ ձեւակերպումներով։ Իսկ ձեզ դարձնում եք այդ քաղաքականության զոհը, որ ստիպված 3825 մարդու մահվան տարավ՝ «արդյունքում» (ձեր բառն է) ստանալով նույն վիճակը։
«Նույն վիճակը» բառակապակցությունն էլ այն միամիտների («խեղճ Նիկոլն ի՞նչ աներ, սաղ նրանք են արել») համար է, որոնք ուշադրություն չեն դարձնելու, որ ձեր ասած 7 շրջանների մեջ չէին Հադրութն ու Շուշին։ Սա էլ է մանիպուլյացիա։
Պատերազմով դուք ստացել եք ոչ թե «նույն վիճակը», այլ ավելի վատ, աղետալի հետեւանք, երբ Արցախի սուվերենությունն այսօր չի տարածվում անգամ նախկին ԼՂԻՄ ողջ տարածքի վրա։ Գումարած 3825 զոհը, ավերված տնտեսությունը, կորսված ենթակառուցվածքներն ու մի պստլիկ միջանցք Հայաստանի հետ, որով անցնողների մուտքն էլ ռուս խաղաղապահը ցանկացած պահի կարող է չթույլատրել։
Եվ գումարած՝ ինձ նման 3826-րդ՝ հավատից զրկված զոհերին։
Իսկ այս վիճակը միայն ու միայն ձեր փառասիրական նկրտումների բավարարման հետեւանք էր։
Ոչ մի իշխանության ժամանակ մարդիկ իրար նկատմամբ այսքան թշնամացած չեն եղել, որքան ձեր պառակտիչ ու սադրիչ քաղաքականության հետեւանքով ստեղծված այս իրավիճակում։ Ոչ մի իշխանության ժամանակ բարեկամներն ու ընկերներն այսքան չեն կռվել ու նեղացել իրարից։
Անգամ աղետալի պատերազմից, ձեր իշխանության խայտառակ ձախողումից հետո էլ ձեր իշխանատենչությանը հագուրդ տալու համար շարունակում եք երկիրը բաժանել յուրայինների եւ թշնամիների։
Յուրայիններ ասելով էլ՝ հասկանում եք ձեզ քծնողներին, ձեր նկարների տակ երջանկությունից աղոթող նախարարին, սեփական կայֆերի համար այլոց գլուխները ջարդելու պատրաստ բիլակավոր ու հաստավիզ պատգամավորին, երեկ այլընտրանքի բացակայությամբ Արմեն Սարգսյանին նախագահ ընտրելը ծաղրող, այսօր նույն այլընտրանքի բացակայությամբ Վահագն Խաչատուրյանի թեկնածությունը խրոխտ ներկայացնող ջոնջոլներին, պարգեւավճարների թուլափայից շլացած աչքերով ողջ օրը «ձեր իմաստուն քաղաքականությունը» գովերգող չգիտեմքանի պատգամավորներին, ձեր մտնելուց անպայման ոտքի կանգնելու պարտադրված-ստորացված նախարարներին, զոհերի արյան վրա Հունաստանում ու Բալիում տժժացողներին։
Իսկ թշնամիներ են բոլոր նրանք, որ ձեզ մատնացույց են անում այս ամենը։
Թշնամի են բոլոր նրանք, որոնք ասում են՝ չի կարելի, որ քաջնազարական բախտով Ազգային ժողովի նախագահ կամ փոխնախագահ կարգվածները, որ նորմալ երկրում հազիվ ավտոտեխսպասարկման կայանում դիմապակի լվացող լինեին, իրենց պահեն պապայից խաղալիք ակնկալող երեսառած երեխայի նման։
Նորից հիշեցնեմ՝ դուք էիք ասում, Հայաստանը կունենա 3 միլիոն վարչապետ։
Էդ ինչպե՞ս եղավ, որ դուք դեռ վարչապետ եք, 71 կայֆարիկները՝ պատգամավոր, մի տասնյակը՝ նախարար, իսկ 3825-ը՝ ընդամենը հուշ, որոնց գերեզմանների մասին զգայացունց ու անբովանդակ բառեր եք ասում, մեկ-մեկ էլ՝ հարյուրավոր թիկնապահների ուղեկցությամբ գնում, խոնարհվում։
Բա վարչապետը վարչապետների գերեզմաններին թիկնապահներո՞վ կգնա…
Իսկ գուցե ձեզ հենց պե՞տք էր, որ այդ 3825-ը, որոնք ակտիվ մարդիկ էին, չլինեին այստեղ, չլինեին «երեք միլիոն վարչապետների» թվում, որ դուք, ձեր մերձավորները, ալեններն ու մյուս յոթանասունը հանգիստ վայելեք իշխանության տված բարիքները։ Թեկուզ եթե վաղն այդ իշխանությունն ընդգրկի միայն կառավարական «դաչաների» տարածքը։
Լրագրող, խմբագիր, փորձագետ, լրագրության ուսուցիչ։ Նրա կենսագրությունը սկսվել է նախորդ դարի 80-ականներին Հայաստանի Մեղրու շրջանի «Արաքս» թերթից ու շարունակվել մեդիայի կայացման խառնարանում։ Հեղինակ է պատմվածքների ու վեպերի հինգ գրքի եւ լրագրողական էթիկայի ուսումնական ձեռնարկի։