Ապրիլի 14-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ 1996 թվականից Շուշիի հարցը եղել է բանակցությունների սեղանին: Ազգային ժողովի իր ելույթում նա ընդգծել է՝ որեւէ կարգավորում չէր լինելու, մինչեւ Շուշիի հարցը չլուծվեր, ավելին՝ պատերազմը Շուշիի համար է եղել։
«Սերժ Սարգսյանը հանձնելո՞ւ էր Շուշին։ Չէր հանձնելու, պատերազմ էր սկսվելու, եւ ոչ միայն Շուշին, Ղարաբաղի մի մասը հանձնելո՞ւ էր։ Լաչինի միջանցքի լայնության մասին բանակցային ոչ մի փաստաթղթում ոչ մի բան չկար, դա հետո պիտի քննարկվեր։ Եվ էս փուլայինին հետո մի հատ էլ փուլ է ավելացել՝ Անվտանգության խորհրդի [ենթադրաբար ՄԱԿ-ի] նիստում պետք է որոշվեր Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը կամ ընթացիկ կարգավիճակը»,- ասել է Փաշինյանը։
Լաչինի միջանցքի հարցը այլ թեմա է, որին հատուկ կանդրադառնանք հաջորդ սյունակում, իսկ հիմա խոսենք Շուշիի մասին՝ ըստ բանակցային տրամաբանության եւ կողմերին ներկայացված առաջարկների՝ մի կողմ թողնելով Փաշինյանի կամային մեկնաբանություններն ու մանիպուլյատիվ եւ պրիմիտիվ հնարքները:
«Լեռնային Ղարաբաղի ընտրված եւ այլ ներկայացուցիչները»
1992-ի մարտի 24-ին, երբ Հելսինկիի խորհրդաժողովում ձեւավորվում էր Մինսկի խումբը, որը պիտի որոշեր Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակը, Շուշին դեռեւս ադրբեջանցիներով բնակեցված քաղաք էր։ 1988-ի սեպտեմբերին քաղաքի ամբողջ հայ բնակչությունը ստիպված էր եղել հեռանալ Ստեփանակերտ:
«Մինսկի խումբ» անունը առաջ եկավ այն բանից հետո, երբ Բելառուսը ցանկություն հայտնեց իր մոտ անցկացնել կարգավիճակի հարցով խորհրդաժողովը: 1992-ից ի վեր Մինսկի խորհրդաժողովը այդպես էլ չգումարվեց, բայց «Մինսկի խումբ» անունը մնաց: 11 երկրներից բացի՝ Մինսկում գումարվելիք խորհրդաժողովին հրավեր ստացան «Լեռնային Ղարաբաղի ընտրված եւ այլ ներկայացուցիչները»։ Ընտրված ներկայացուցիչները 1991-ի դեկտեմբերին ձևավորված Արցախի Գերագույն խորհուրդն էր՝ Արթուր Մկրտչյանի գլխավորությամբ, իսկ այլը՝ Շուշիի քաղաքապետը։
Մինսկի խումբը Բաքու այցելությունների ընթացքում մշտապես հանդիպել է Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ներկայացուցիչների հետ։ Ավելին՝ 1993-1997 թվականներին, երբ բանակցային գործընթացն ընթանում էր եռակողմ ձեւաչափով՝ Հայաստան-Արցախ-Ադրբեջան, Բաքվի իշխանություններն իրենց պատվիրակության կազմում բերում էին նաեւ Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ներկայացուցիչ, Շուշիի նախկին քաղաքապետ Նիզամի Բահմանովին։ Ստեփանակերտը դեմ էր արտահայտվում նրանց ներկայությանը, ճիշտ այնպես, ինչպես Բաքուն էր դեմ արտահայտվում Լեռնային Ղարաբաղի ներկայությանը բանակցային գործընթացում։
Մյուս կողմից, միջազգային հանրությունը երբեք հավասարության նշան չէր դնում Լեռնային Ղարաբաղի ընտրված իշխանությունների եւ ադրբեջանական համայնքի միջև։ Այսպես, ԵԱՀԿ-ի մշակած բոլոր առաջարկները ներկայացվել են Բաքու, Ստեփանակերտ և Երևան, այսինքն՝ ադրբեջանական մեկ և հայկական երկու կողմերին։ Ճիշտ է նաեւ, որ միջազգային հանրությունը չէր անտեսում Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքը, որը 1988 թվականի տվյալներով կազմում էր Արցախի բնակչության 20 տոկոսից ավելին։
Շուշի ադրբեջանցի փախստականների վերադարձի հարցը եղել է բանակցային գործընթացի էական մասերից
1997 թվականի դեկտեմբերին ներկայացված ԵԱՀԿ Մինսկի խմբի փուլային առաջարկում, որը, որոշ վերապահումներով, ընդունելի էր Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի համար, Շուշիի առնչությամբ ասվում էր, որ բանակցությունների ճանապարհով պետք է կարգավորվեն «ԼՂ կարգավիճակի որոշումը եւ Լաչինի, Շուշիի ու Շահումյանի հետ կապված խնդիրները»:
Թեև հստակ չի նշվում փախստականների անունը, բայց ակնհայտ է, որ Շուշիի եւ Շահումյանի հարցը դրվում է մեկ հարթության մեջ: Սա չափազանց կարեւոր ձեռքբերում էր, որին հասել էր հայկական դիվանագիտությունը, այն է՝ ԼՂԻՄ-ից դուրս գտնվող Շահումյանի հարցը կապել Շուշիի հետ:
1997-ի հուլիսին Մինսկի խմբի ներկայացրած փաթեթային առաջարկում, որը մերժեց հայկական կողմը, Շուշիի եւ Շահումյանի հարցը շատ մանրամասն է ներկայացված՝ 6 առանձին կետերով, մասնավորապես կողմերը երկու հատվածներից դուրս են բերում իրենց զինված ստորաբաժանումները, տեղահանված անձինք կարող են վերադառնալ իրենց նախկին մշտական բնակության վայրերը, վերադարձած բնակիչներն օգտվում են բոլոր քաղաքացիական իրավունքներից, Շուշի քաղաքի եւ Շահումյանի շրջանի բնակիչները կունենան երաշխավորված հասանելիություն ճանապարհների, կապի եւ այլ հարաբերությունների համար մնացյալ Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի հետ:
Շուշիի հարցը՝ 1998-ի ռազմական հեղաշրջումից հետո
1998 թվականի նոյեմբերին Մինսկի խմբի ներկայացրած եւ ընդհանուր պետություն անունը ստացած առաջարկներում Շուշիի եւ Շահումյանի մասին առանձին գլուխ էր նվիրված: Ռոբերտ Քոչարյանն ու Վարդան Օսկանյանը այս առաջարկները համարել են հայկական դիվանագիտության նվաճումը: Այս առաջարկներում մասնավորապես ասվում էր. կողմերը համաձայնում են, որ ադրբեջանցի բոլոր փախստականները կարող են վերադառնալ Շուշի քաղաքի իրենց բնակատեղիները, նրանց անվտանգությունը կերաշխավորվի ԼՂ համապատասխան իշխանությունների կողմից, նրանք կունենան ԼՂ բոլոր քաղաքացիներին հավասար իրավունքներ, նույնպիսի իրավունքներ կստանան նաեւ հայ փախստականները` քաղաք Շահումյան վերադառնալու դեպքում, Շուշի եւ Շահումյան քաղաքների բնակիչները որեւէ սահմանափակում չեն ունենա` օգտվելու ճանապարհներից, կապից եւ այլ հարաբերություններից մնացած Ադրբեջանի եւ ԼՂ-ի հետ:
Իսկ արդեն 2001-ին Քի Վեսթում Հայաստանը համաձայնություն էր տվել Շուշի ադրբեջանցիների վերադարձին: Ավելին՝ քննարկվել է անգամ Ադրբեջանից դեպի Շուշիի միջանցք ստեղծելու հնարավորությունը Ֆիզուլի-Շուշի ճանապարհով։ Ճիշտ է, այդ միջանցքը չէր ունենալու այն կարգավիճակը, ինչպիսին ունենալու էր Ադրբեջանն ու Նախիջևանը միմյանց կապող 8 մետր լայնությամբ միջանցքը (sovereign passage) Արաքսի երկայնքով, առավել եւս՝ Հայաստանն ու Արցախը միմյանց կապող Լաչինի միջանցքը։
Մադրիդյան, Կազանի և մյուս նորացված փաստաթղթերում Շուշիի եւ Շահումյանի մասին հստակ ձեւակերպումներ չկան, քանի որ դրանք ոչ թե համապարփակ առաջարկներ են, ինչպես 1997-ի փաթեթայինն ու փուլայինը, 1998-ի ընդհանուր պետությունը, 2001-ի Քի Վեսթը, այլ կարգավորման սկզբունքներ: Հետեւաբար, երբ դրանք լցվեին տեքստով, Շահումյանի եւ Շուշիի հարցը կրկին գալու էր օրակարգ:
Լրագրող, հրապարակախոս, պատմություն հետազոտող, որն առօրյա փաստերը, դրանց վրա հիմնված դատողություններն ու պատմական փորձառությունը հաջողությամբ միահյուսելով ստանում է ուրույն բովանդակություն։