ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունն ու Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն համագործակցության հուշագիր են ստորագրել 2024-ին Փարիզի ամառային օլիմպիական խաղերի նախապատրաստությունը պատշաճ կազմակերպելու վերաբերյալ:
Ըստ համաձայնագրի՝ Փարիզ–2024 ամառային օլիմպիական խաղերի նախապատրաստման 2022-2024 թվականների փուլային ծրագրի կազմման եւ իրագործման հետ կապված՝ Ծաղկաձորի նախկին Գլխավոր մարզահամալիրի 3-րդ մասնաշենքը, լողավազանը եւ կից մարզադահլիճը 30 տարով անհատույց օգտագործման իրավունքով կհանձնվեն Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեին։
ՀԱՕԿ-ը պարտավորվել է դրանք ամբողջությամբ հիմնանորոգել մեկ տարվա ընթացքում եւ կառավարումն ու շահագործումն իրականացնել Հայաստանի Հանրապետության եւ ՀԱՕԿ-ի հավասար մասնակցությամբ առեւտրային կազմակերպության միջոցով։ 2022-ից սկսած՝ յուրաքանչյուր տարի ՀԱՕԿ-ը կհիմնանորոգի 1-2 մարզադպրոց, այդ թվում սահմանամերձ։
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն էլ Հայաստանի Հանրապետության անունից պարտավորվում է ՀԱՕԿ-ի հիմնանորոգած մարզակառույցներն ապահովել անհրաժեշտ մասնագիտական մարզագույքով: