ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը եւ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ապրիլի 15-ին հեռախոսազրույց են ունեցել։ Զրուցակիցները քննարկել են Մոսկվայի աջակցությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի համաձայնեցման հեռանկարները։
ՌԴ ԱԳՆ-ից հայտնել են, որ նախարարները մտքեր են փոխանակել Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի ղեկավարների միջեւ 2020-ի նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի եւ 2021-ի նոյեմբերի 26-ի պայմանավորվածությունների կատարման շուրջ՝ շեշտադրումներ անելով տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման եւ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հետագա քայլերի վրա։
Անդրադարձ է եղել նաեւ Ռուսաստանի աջակցությամբ Երեւանի եւ Բաքվի միջեւ խաղաղության համաձայնագրի համաձայնեցման հեռանկարներին։
Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել ապրիլի 19-20-ը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Ռուսաստան պաշտոնական այցի նախապատրաստման, այդ թվում՝ երկկողմ փաստաթղթերի փաթեթի ստորագրման հարցերին։
Ըստ ՀՀ ԱԳՆ-ի՝ Միրզոյանն ընդգծել է Ռուսաստանի միջնորդական ջանքերի կարեւորությունը, նաեւ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետություն։ Արտգործնախարարները քննարկել են նաեւ երկկողմ եւ տարածաշրջանային օրակարգի հարցեր։