Արցախի Ազգային ժողովն ապրիլի 14-ին հանդես է եկել հայտարարությամբ՝ ընդգծելով, որ Հայաստան-Ադրբեջան «խաղաղության» օրակարգով Արցախը Ադրբեջանին բռնակցելու ցանկացած բանակցային գործընթաց ինքնին, ինչպես նաեւ դրանից բխող փաստաթղթի ստորագրումը, տապալում է ոչ միայն Արցախի պետականությունը, այլեւ արցախահայության` իր պատմական հայրենիքում ապրելու անքակտելի իրավունքը:
Արցախի ԱԺ-ն շեշտել է, որ արցախահայությունը քաջ գիտակցում է խաղաղության գինը: «Արցախի պետականությունը եւ պատմական հայրենիքում ազատ ու անկախ ապրելու իրավունքը բացարձակ արժեքներ են, եւ դրանցից անգամ պատերազմի սպառնալիքը չի կարող մեզ հետ պահել»,- նշված է հայտարարության մեջ:
ԱԺ-ն ընդգծել է, որ Արցախի Հանրապետության ներկայիս իրավաքաղաքական կարգավիճակը ձեւավորվել է համաժողովրդական կամքի արտահայտությամբ՝ երեք հանրաքվեների, դրանց արդյունքում ընդունված Սահմանադրության ազդեցությամբ եւ հայության բոլոր հատվածների միջեւ նախընթաց տարիներին հաստատված համազգային համաձայնության ճանապարհով։
Պատգամավորները պահանջել են, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները հրաժարվեն իրենց ներկայիս աղետալի դիրքորոշումից եւ առաջնորդվեն բացառապես այս արժեքներով: Ոչ մի իշխանություն իրավունք չունի «խաղաղության» պատրվակով Արցախի համար անընդունելի կարգավիճակի, ինչպես նաեւ միջազգայնորեն ճանաչված ինքնորոշման իրավունքի բանակցային նշաձողն իջեցնելու:
«Արցախահայության անունից դիմում ենք
- Աշխարհասփյուռ հայությանը` այս արդար պայքարում միասնաբար եւ վճռականորեն կանգնել Հայաստանի եւ Արցախի եղբայրների ու քույրերի կողքին:
- Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մեր գործընկերներին՝ չշեղվել ՀՀ Գերագույն խորհրդի 1992 թվականի հուլիսի 8-ի որոշման ուղեգծից։
- Ռուսաստանի Դաշնության ղեկավարությանը` մեզ համար խիստ կարեւոր խաղաղապահ առաքելության ընթացքում առիթ չտալ որեւէ մեկին շահարկել ծագող խնդիրները` որպես Արցախի ժողովրդի հետագա անվտանգությունը հարցականի տակ դնելու հիմք:
- ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարներին` անկախ առկա այլ տարաձայնություններից՝ ջանքեր գործադրել պահպանելու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման միակ միջազգային մանդատ ունեցող ձեւաչափը»,- նշված է Արցախի ԱԺ հայտարարությունում։