Երուսաղեմում հրեաների եւ մահմեդականների սրբատեղի Տաճարի լեռան վրա հերթական բախումներն են տեղի ունեցել պաղեստինցիների եւ իսրայելցի ուժայինների միջեւ։ Ավելի քան 150 պաղեստինցի վնասվածք է ստացել։
Իսրայելի պաշտոնական աղբյուրները հայտնել են, որ ծայրահեղականների խումբը իսրայելցի ոստիկանների վրա քարեր եւ պայթուցիկ սարքեր է նետել, ինչին ի պատասխան իսրայելական անվտանգության ուժերն արցունքաբեր գազ եւ ռետինե փամփուշտներ են կիրառել։
Պաղեստինցիների եւ իսրայելական անվտանգության ուժերի միջեւ լարվածությունը կտրուկ աճել է Իսրայելում վերջերս տեղի ունեցած ահաբեկչական հարձակումներից հետո, որոնց զոհ է դարձել 14 մարդ:
Հորդանան գետի արեւմտյան ափին իսրայելական բանակի գործողությունների հետեւանքով նախօրեին 3 պաղեստինցի է զոհվել։ Վերջին երեք շաբաթում տարածաշրջանում 21 պաղեստինցի է մահացել։