ՀՀ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը «Արմենպրեսին» հայտնել է, որ Հայաստանը Թուրքիային առաջարկել է բացել ցամաքային սահմանը դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց համար, սակայն թուրքական կողմը հապաղում է:
Խոսնակը հաստատել է, որ Հայաստանի եւ Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հաջորդ հանդիպումը հնարավոր է տեղի ունենա Վիեննայում։
Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն NTV հեռուստաալիքի ուղիղ եթերում ասել էր, թե Հայաստանի եւ Թուրքիայի հատուկ բանագնացների երրորդ հանդիպումը կանցկացվի Վիեննայում։ Նա Հայաստանին հորդորել է ավելի համարձակ լինել եւ երրորդ երկրներում հանդիպումները տեղափոխել Անկարա ու Երեւան:
«Եթե չեք համաձայնում նույնիսկ սեփական երկրներում հանդիպել, մյուս հարցերում ինչպե՞ս եք քայլեր անելու»,- նշել է Թուրքիայի արտգործնախարարը՝ ասելով, որ նույնիսկ պատրաստակամ են եղել առաջինը գալու Երեւան: