«Կարող էինք կանխել պատերազմը, որի արդյունքում մենք կունենայինք այս նույն վիճակը (իհարկե առանց զոհերի)»:
Սա Նիկոլ Փաշինյանի երկրորդ նման միտքն է պատերազմից հետո: Առաջին անգամ ասել էր. «Պատերազմը կանգնեցնելը հնարավոր չէր առանց Արցախի ու Հայաստանի համար աղետալի հետեւանքների։ Արդյունքում ավելի աղետալի հետեւանքնե՞ր ունեցանք։ Գուցե»:
«Գուցե» ասելով նա նկատի ունի չորս հազար զոհված զինվորներին եւ խաղաղ բնակիչներին, խեղված մարմիններով հազարավոր հաշմանդամ զինվորներին, հազարավոր անհետ կորածներին, հարյուրավոր ռազմագերիներին, շաբաթներով անտառներում թաքնված զինվորներին, բազմահազար ավերված շենքեր, տներ, կամուրջներ, ճանապարհներ, ենթակառուցվածքներ, անտուն փախստական դարձած հազարավոր մարդկանց, Շուշիի կորուստը, Հադրութի ամբողջ շրջանի կորուստը, Մարտակերտի, Ասկերանի, Մարտունիի շրջանների մի մասի կորուստը, Լաչինի եւ Քելբաջարի շրջանների կորուստը, Հայաստան-Արցախ ճանապարհի ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ հանձնումը ռուսներին, Գորիս-Կապան ճանապարհի հանձնումը ռուսներին եւ ադրբեջանցիներին, հայկական բանակի զինտեխնիկայի եւ հրամատարական կազմի մեծ մասի ոչնչացումը, Հայաստանի եւ Արցախի ինքնիշխանությանը եւ արժանապատվությանը հասցված անդառնալի վնասները, երրորդ հանրապետության բոլոր հաղթանակների մսխումը եւ հայ ժողովրդի ծանրագույն հոգեբանական վիճակը:
Պարզապես աննախադեպ հայտարարություն, աննախադեպ իր կեղծիքի եւ ցինիզմի մակարդակով:
Եվ եթե նույնիսկ մի պահ մոռանանք ակնհայտ կեղծիքը, մոռանանք՝ ինչ էր առաջարկվում բանակցային սեղանին, եւ ինչ ունենք հիմա, մոռանանք Շուշին եւ նվաստացումը, միեւնույնն է, անհնար է պատկերացնել, թե ինչքան չի կարեւորում մարդկային կյանքը Հայաստանի վարչապետը, ինչքան են ավարտված եւ խեղված հազարավոր մարդկային կյանքերը համարվում երկրորդական մի բան, որ նա հանգիստ կարողանում է կանգնել Ազգային ժողովի ամբիոնի մոտ եւ հայտարարել, որ արդյունքում ունենալու էինք նույն վիճակը՝ հպանցիկ նշելով՝ իհարկե առանց զոհերի:
Իսկ ինչի՞ համար էր մեր ազգային պայքարը, ինչի՞ համար էին 88-ը, համազգային շարժումը, հաղթական պատերազմը եւ 30 տարիների մեր կրած բոլոր զրկանքները: Մի՞թե նրա համար, որ Ջեբրայիլի անապատները մնան հայկական զինված ուժերի վերահսկողության ներքո, թե՞ միգուցե նրա համար, որ Արցախում ապրող 150 հազար հոգին սեփական հողում ազատ եւ ինքնիշխան ապրելու հնարավորություն ունենան:
Եթե Նիկոլ Փաշինյանի համար ճիշտը երկրորդ տարբերակն է, ինչպե՞ս է նա հայտարարում, որ մեզնից պահանջում էին տալ հողերը՝ փոխարենը չտալով ոչինչ:
Ուրեմն չորս հազար մարդու, չորս հազար երիտասարդի կյանք փրկելը ոչի՞նչ է:
Մեզ առաջարկում էին թույլ չտալ նոր զոհեր եւ երաշխավորել Արցախում ապրող մարդկանց ազատությունը եւ անվտանգությունը, մենք նախընտրեցինք զոհաբերել 4000 մարդու կյանք եւ կասկածի տակ դնել արցախցիների ազատությունը եւ անվտանգությունը, իսկ վերջում հայտարարել, որ նույն բանն էինք ունենալու:
Այս հայտարարությունը մատնում է, որ իրականում իշխանությունների համար սա ոչ թե մարդկանց, նրանց իրավունքների, նրանց ազատության եւ անվտանգության պայքար է, այլ տարածքային կռիվ, իսկ այդ տարածքներում եւ ընդհանրապես Հայաստանում ապրող մարդկանց կյանքը գրոշի արժեք չունի իրենց համար:
Այլապես 4000 մարդու զոհելու, հազարավորներին հաշմանդամ ու փախստական դարձնելու եւ Ջեբրայիլը պահելու մեջ չէիր ընտրի երկրորդը՝ առաջինը հայտարարելով ոչինչ: Հայտարարել, որ մեզ առաջարկում էին ոչինչ, նշանակում է ուղղակի բռնաբարել Արցախյան շարժման բուն բովանդակությունը եւ ոգին, որովհետեւ այդ շարժումը մարդկանց ու նրանց իրավունքների մասին էր, ոչ թե «պատմական տարածքներ» հետ բերելու:
Մեզ առաջարկում էին ոչ թե ոչինչ, այլ մեզ առաջարկում էին ամեն ինչ։ Մեզ առաջարկում էին խուսափել նոր պատերազմից եւ նոր զոհերից, եւ դա ամեն ինչ էր։ Մեզ առաջարկում էին Արցախի փաստացի անկախ միջանկյալ կարգավիճակը, որտեղ երաշխավորված էին արցախցիների անվտանգությունը եւ ինքնիշխանությունը: Հենց սա էր ամեն ինչը 88-ի Ղարաբաղյան շարժման տեսանկյունից, ոչ թե Ջեբրայիլը եւ Ֆիզուլին:
Իհարկե այն, ինչ ասվեց վերեւում, հավասարապես վերաբերում է ոչ միայն Նիկոլ Փաշինյանին, այլեւ նրա երկու նախորդներին եւ նրանց սպասարկող քաղաքական ուժերին ու մտավորական շերտերին: Նույն ապամարդկային, տարածքակենտրոն եւ «պատմական արդարության» միֆերով տարված մոտեցումն է, որը, ցավոք, վարակել էր նաեւ հասարակության ստվար զանգվածին, եւ որը բերեց անխուսափելի պտուղներ:
Կրթությամբ տնտեսագետ, հետաքրքրվում եմ քաղաքագիտությամբ, փիլիսոփայությամբ եւ պատմությամբ: Հիմնադրել եմ քաղաքացիական նախաձեռնություններ եւ հասարակական կազմակերպություններ, որոնց հիմքում մարդու իրավունքների եւ ժողովրդավարության հավատամքն է: