ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ռուսական PBK-ի հետ զրույցում հայտարարել է, որ Հայաստանը գազի դիմաց սկսել է ռուբլով վճարել։ Նա նշել է, որ վերջին վճարումները հենց ռուսական արժույթով են արվել, սակայն գնագայոցումը դեռեւս իրականացվում է դոլարով։ Այսինքն, Հայաստանը 1000 խորանարդ մետր գազի դիմաց շարունակում է 165 դոլարի չափով գումար վճարել, բայց ռուբլով։ Այսպիսով դոլարի տատանումները շարունակում են ազդել վճարման չափի վրա։
«Ազատություն» ռադիոկայանը հիշեցրել է, որ 2015-ին Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելուց ի վեր պաշտոնական Երեւանը պարբերաբար բարձրաձայնել է՝ գազը ռուբլով գնելը ձեռնտու է Հայաստանին։ Պաշտոնապես շարունակաբար հաղորդվում էր, թե հարցը քննարկվում է, սակայն Մոսկվան դրան ընթացք չէր տալիս։
Խոսակցություններն ակտիվացան, երբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն անցած ամիս հանձնարարեց «ոչ բարեկամական» երկրներին գազը ռուբլիով վաճառել։ ՀՀ իշխանություններն էլ հայտարարեցին, որ Մոսկվայի հետ բանակցություններ են վարում գազի դիմաց ռուբլիով վճարելու համար։
Հայաստանը Ռուսաստանից տարեկան ավելի քան երկու միլիարդ խորանարդ մետր բնական գազ է ներմուծում։ Անցած տարի Երեւանի Մոսկվային գազի դիմաց վճարել է 414 միլիոն դոլար։