Հայաստանի առաջին սմարթ գյուղի՝ Դեբետի կանայք իրենց բնակավայրի զարգացմանն ուղղված նոր գործ են սկսել։ Այն կրթական նախաձեռնություն չէ կամ տարբերվող հերթական հյուրատունը գյուղում, բայց կրկին անհրաժեշտ ու փոփոխություն ստեղծող միջավայր է։
«Դ սալոն»-ը գյուղի միակ գեղեցկության սրահն է, որն արդեն մեկ ամսից ավելի աշխատում ու «մտածելակերպ է փոխում»։ Երեք երիտասարդ կանանց բիզնես նախաձեռնությունը կյանքի է կոչել «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը (ՔՈԱՖ)՝ Հայաստանում Լիտվայի դեսպանության եւ Դյուֆրի ընկերության հետ գործակցությամբ։
Ապրիլի 14-ին գեղեցկության սրահի բացման արարողությանը մասնակցելու նպատակով Դեբետում էին Հայաստանում Լիտվայի դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն, ՔՈԱՖ-ի գործադիր տնօրեն Կորյուն Խաչատուրյանը, Փամբակ խոշորացված համայնքի ղեկավար Սուրեն Կոստանդյանը եւ այլ հյուրեր։
ՔՈԱՖ-ի գործադիր տնօրենը ներկայացրեց ծրագրի նախապատմությունը եւ ընթացքը՝ երախտագիտություն հայտնելով Լիտվայի ժողովրդին։ Ապա շնորհակալություն հայտնեց բոլոր այն մարդկանց, որոնք «փոքր, բայց կարեւոր ներդրում են արել»՝ «Զվարթնոց» օդանավակայանի անմաքս առեւտրի խանութներում դրված հանգանակության արկղերի մեջ գումար գցելով։
Նախաձեռնությանն աջակցել են նաեւ անհատներ, ընտանիքներ եւ կազմակերպություններ։ Դրանցից մեկը «Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոն» հիմնադրամն է (CEPFA)՝ Հայաստանում արհեստագործական (խոհարարություն, վարսավիրություն, դերձակություն, ատամնատեխնիկական գործ) եւ միջին մասնագիտական կրթության իրականացման 20-ամյա փորձով։
«Մենք փորձում ենք իրականացնել այն կրթությունը, որը համահունչ է այսօրվա աշխատանքային շուկայի պահանջներին։ Աշխարհում լավ մասնագետների կարիք կա, եւ այդ ուղղությամբ բոլոր տեղերում մեծ ջանքեր են գործադրվում։ Մենք չենք ուզում մնալ Երեւանի սահմաններում, ու մեզ համար շատ կարեւոր է շարունակական կրթությունը տանել դեպի մարզեր»,- ասում է CEPFA-ի ներկայացուցիչ Ելենա Մարտիրոսյանն ու հավելում՝ կարճաժամկետ ծրագրերի առումով հետագա քայլերը հենց Լոռու մարզի հետ են կապում։
Լոռիում նոր ծրագրեր ունենալու միտքը նաեւ Լիտվայի դեսպանն է արտահայտում։ «Գյուղական համայնքների զարգացումը եւ հատկապես կանանց հմտությունների զարգացման ծրագրերը մեր ուշադրության կենտրոնում են, քանի որ, ցավոք, ոչ բոլորն ունեն նշված հնարավորությունները»,- ասում է Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն։
Ապա «գեղեցիկ, պայծառ, ջերմ» միջավայրից ոգեւորված դեսպանը որոշում է հարդարել մազերը։ Իսկ հարեւան սենյակում բիզնեսի հիմնադիր երեք կանանցից Լիլիթ Հովակիմյանն է սպասարկում համագյուղացիներից մեկին ու ներկայացնում իր հաջողության պատմությունը։
«Մինչեւ այս ծրագիրը տանը հաճախորդներ ունեի, ինքնուս եմ, եւ հենց իմացա ծրագրի մասին, դիմեցի։ Բայց ուսանողներին էդքան էլ առավելություն չէր տրվում, որովհետեւ մտավախություն կար դասերի հետ չհասցնելու։ Բայց ստացվեց։ Մրցակցությունը մեծ էր, 24-ից մնացել ենք 3-ը։ Բիզնես պլան գրեցինք, լավագույններին ընտրեցին»,- պատմում է 21-ամյա Լիլիթը, որ նաեւ Վանաձորի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում է սովորում։
Ուսումն ավարտելուց հետո մարզկենտրոնում մնալու եւ աշխատելու նրա մտադրությունն էլ կարծես փոխվել է․ եկամուտ ունենալուց բացի՝ պետք է զարգացնել գյուղը։
«Գյուղում դժվար է մարդկանց սովորեցնել, որ պետք է գան, հետեւեն իրենց խնամքին։ Քիչ-քիչ, բայց արդեն գալիս են․ մտածելակերպ է փոխվում։ Գներն էնպես ենք դրել, որ Վանաձորից էժան լինի, ճանապարհածախսն էլ հաշված»,- ասում է մատնահարդար դարձած ապագա դիվանագետը։
«Դ սալոն»-ի վարսահարդար Լուիզա Ղազարյանը նույնպես ուսանող է, անգլերենի ուսուցիչ է դառնալու։ ՔՈԱՖ-ի հերթական ծրագրին դիմել է՝ արհեստ սովորելու հստակ որոշմամբ։
«ՔՈԱՖ-ն իմ կյանքում շատ մեծ ներդրում ունի, իրենց շրջանավարտն եմ, նաեւ՝ կրթաթոշակառու։ Ոչ մի անգամ չեմ ուզել մեր գյուղից գնալ։ Միշտ մտածել եմ՝ կսովորեմ ու հետ կգամ։ Ապագաս գյուղի հետ եմ կապում»,- պատմում է 20-ամյա Լուիզան։
Նա առկա ուսուցմամբ է սովորում Վանաձորի համալսարանում։ Ամեն օր Դեբետից Վանաձոր է գնում եւ վերադառնում՝ օրվա երկրորդ կեսը նվիրելով նոր աշխատանքին։ Իսկ երեկոյան ժամերին առցանց դասերի միջոցով նոր մասնագիտություն է ուսումնասիրում։
Գյուղաբնակ կանանց սոցիալ-ֆինանսական վիճակի բարելավումն ու կարիերայի զարգացման նոր հնարավորություններով նրանց օժտելը ՔՈԱՖ-ի «ՍՄԱՐԹ գյուղ» հնգամյա ծրագրի կարևոր բաղադրիչներից են։ Նույն ծրագրով նախատեսվում է զարգացնել նաեւ գյուղում գործող բիզնեսներն ու հիմնել նորերը սննդի, հյուրընկալության ու գյուղատնտեսության ոլորտներում։
«Արդեն մոտ 20 բիզնեսներ դիմել են՝ սկսնակ եւ գործող։ Գաղափարի փուլից սկսած մինչեւ արդեն գործող բիզնեսներ՝ բոլորի հետ փոձում ենք աշխատել։ Ընտրվածները կմասնակցեն բիզնեսի պլանավորման դասընթացների, կգրեն իրենց ծրագրերը, եւ կախված նրանից, թե որ փուլում է գործը, արդեն ամառվանից կունենանք նոր բիզնեսներ։ Մեր նպատակն է, որ ընդհանուր բիզնես միջավայրը զարգանա, որպեսզի ստեղծվեն նոր ծառայություններ եւ աշխատատեղեր»,- ասում է ՔՈԱՖ-ի բիզնես ծրագրերի ղեկավար Շուշան Դանիելյանը։
Մասնագիտությամբ լրագրող եմ։ 15-ամյա աշխատանքային գործունեությանս մեծ մասն անցել է հեռուստատեսության ոլորտում՝ Ալավերդու «Անկյուն+3» հեռուստաընկերությունում։