Այսօր աշխարհում առկա սոցիալական խնդիրների հիմնական պատճառներից մեկը մարդ-մարդ կապերի կտրվելն է։
Տեսե՛ք՝ ինչ է կատարվում։ Մարդկանցից ոչ մեկը չի սիրում ցավ ու տառապանք, բայց հավաքականորեն մեր գործողությունների արդյունքում հենց ցավն ու տառապանքն են տարածվում։ Բոլորս գերադասում ենք խաղաղ կյանք, բարգավաճում, բայց պատերազմները, ատելությունն ու վախը մեզնից անպակաս են։
Նախկին կապերը կտրվել են
Ստեղծված իրավիճակի հիմնական պատճառներից մեկը մարդ-մարդ կապերի կտրվելն է։ Կտրվում են հնուց ի վեր մեր մեջ դրված անգիտակից կապերը։ Կտրվում են ցեղային, ընտանեկան կապերը։ Մարդն արդեն իրեն չի զգում ցեղի անդամ։ Նա «ես» ասելով այլեւս չի հասկանում իր ցեղը, ինչն այդպես էր ընկալվում դեռ մի քանի հարյուր տարի առաջ։ Իր հարազատներից որեւէ մեկին ուղղված վիրավորանքն այլեւս չի ընկալում այնպես, ասես իրեն են վիրավորել։ Կտրվում են ազգակցական կապերը։ Այս փոփոխությունները նկատելի են անգամ մեկ սերնդի կյանքի ընթացքում:
Մեր ցեղը գյուղում ամենամեծերից մեկն է։ Երբ ես դեռ երեխա էի, ցեղի բոլոր տղաները, թեկուզ յոթ պորտ հեռու, իրենց եղբայրներ էին զգում։ Հարսանիքներին ներկա էին բոլորն իրենց ընտանիքներով՝ մեծով, փոքրով։ Նույնը՝ մահվան դեպքերում։ Երբ մեկը տխրության մեջ էր, բոլորը նրա հետ տխրում էին։ Մեկի ուրախությունը, ինչպես եւ վիշտը, բոլորինն էր։ Այսօր այդ սովորությունները մոռացվել են: Նախկինում առկա ընդհանրական «ես»-ի զգացողությունը խամրել եւ գրեթե անհետացել է։
Մարդ-մարդ կապերի կտրվելը դրսեւորվում է ոչ միայն ցեղային հարաբերություններում։ Նույն երեւույթը կարող ենք տեսնել շենքի, թաղի, քաղաքի, երկրի բնակիչների հարաբերություններում։ Երբ ես դպրոցական էի, մեր շենքի բոլոր բնակիչները միմյանց ճանաչում էին։ Այժմ նույն հարկի երկու հարեւանները չգիտեն մեկը մյուսի անունն անգամ։ Այսպես է նաեւ մնացած դեպքերում։
Նույն կերպ քանդվում են անգիտակից, բնազդաբար գործող ընտանեկան կապերը։ Ընտանիքի անդամներն այժմ իրենց ավելի ազատ են զգում այդ կապերից։ Եվ ընտանիքը պահպանելու համար այսօր պահանջվում է հին կապերի փոխարեն նորերի գիտակցված ձեւավորում։
Փաստենք, որ մարդ-մարդ՝ հնուց ի վեր մեր մեջ դրված, անգիտակից կապերը կտրվում են եւ շարունակելու են կտրվել։ Մարդն ավելի ու ավելի է անհատականանում, քանի որ նրա ճանապարհն է այդպիսին։ Նա գնում է եւ շարունակելու է գնալ ազատությունից դեպի մի նոր ազատություն։ Դեպի ազատություն մարդու ընթացքը նախանշված է, եւ այլ տարբերակ չկա։
Հավաքական գործելու անհրաժեշտություն
Այս ազատականացման ընթացքին զուգահեռ մարդն ավելի ու ավելի միասնական լինելու, խմբովի գործելու կարիք է զգում։ Նկատենք՝ մենք մեր բոլոր հարաբերություններում փնտրում ենք ընկերոջ։ Փնտրում ենք ընկերոջ, երբ դժվարությունների մեջ ենք եւ օգնության կարիք ենք զգում, նաեւ երբ ուրախ ենք եւ ուզում ենք կիսվել մեր ուրախությամբ: Մենք միշտ կարիք ունենք մեկի, ով հասկանում է մեզ, ում աչքերում կամ սրտի արտացոլանքում կարողանում ենք տեսնել մեր ճիշտն ու սխալը։ Այս խառը ժամանակներում առավել եւս մենք միայնակ տեղ չենք հասնի, չենք իրականացնի մեր «անելիքը»։
Ներկայում, երբ աշխարհն իրար է խառնվել, եւ պահանջվում են ճակատագրական որոշումներ, միասնական գործելն անհրաժեշտություն է։ Չարենցյան «Ո՛վ հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է» պատգամն այսօր առավել քան արդիական է։ Բայց սա բնավ այն չէ, որ զոմբիների պես հետեւենք մեկին, ով բոլորից բարձր ձայնով է կարողանում ճառեր ասել եւ կոչեր հնչեցնել։ Մենք պետք է կարողանանք տեսնել այն լավագույն ապագան, որի մասնակի արտացոլանքները տեսանելի են բոլոր քիչ թե շատ ազնիվ, հաճախ հակադիր տեսակետներում։
Մեր ժամանակների առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ անհատ առաջնորդներն այլեւս չեն կարողանում գտնել լավագույն լուծումները եւ, առավել եւս, առաջնորդել մարդկանց։ Բոլոր քիչ թե շատ կարեւոր, էական գործերում պահանջվում է կոլեկտիվ մտագործունեություն։ Սայլը տեղից շարժելու համար պահանջվում է համախոհների խումբ։ Մյուս կողմից՝ բավական է համախմբվեն չորս-հինգ անհատներ, կարողանան տեսնել հնարավոր լավագույն ապագան, պատրաստ լինեն նվազագույն զոհաբերության, եւ անհնարը կդառնա իրականանալի։ Ես սրան հավատում եմ։
Գտնենք լուծում
Եվ որտե՞ղ է լուծումը։ Ինչպե՞ս գտնել այդ չորս-հինգ համախոհներին, ինչպե՞ս տեսնել այդ հնարավոր լավագույն ապագան եւ մեր անելիքը։
Եթե կա անկեղծ ներքին մղում՝ գտնելու այս հարցերի պատասխանները, անպայման կգտնենք։ Այս ուղղությամբ առաջին քայլերն, ըստ իս, սրանք են։
Նախ պետք է հասկանանք, որ մեր գիտեցածն ու տեսածը խիստ մասնակի են եւ չեն կարող արտացոլել ամբողջ ճշմարտությունը, առավել եւս՝ պարունակել բոլոր հարցերի պատասխանները։ Այլ կերպ մտածելն առնվազն մեծամտություն է։
Երբ գիտակցենք մեր իմացածի սահմանափակությունը եւ թերի լինելը, կկարողանանք անել հաջորդ քայլը՝ սովորել լսել։ Լսելու ունակությունը մեր ժամանակներում թերեւս ամենակարեւորն է։ Երբ սովորենք լսել ինչպես ընկերներին, այնպես էլ ընդդիմախոսներին, աշխարհի պատկերը կդառնա բազմակողմանի եւ բազմաչափ։ Երեւույթները կսկսենք տեսնել միաժամանակ տարբեր դիտակետերից, առավել խորքային կընկալենք մեր ընդդիմախոսների տեսակետների իմաստը, կհասկանանք, թե դրանք ինչով են լրացնում մեր իմացածը։
Եվ այդ ժամանակ մենք կսկսենք տեսնել իրականանալի լուծումները։
Հնարավոր է նաեւ ճիշտ հակառակ ճանապարհը, երբ մերժում ենք լսելը եւ համարում, որ միակ ճիշտը մեր իմացածն է, իսկ ուրիշներին լսելը ժամանակի կորուստ է։ Ցավոք, մեր քաղաքական գործիչներից շատերն են այդ ճանապարհով ընթանում։ Նրանց ելույթներից այնպիսի տպավորություն է ստեղծվում, թե իրենց միակ նպատակը մյուսներին «սխալ հանելն» է, միմյանց վրա «ցեխ շպրտելը»։ Այս ճանապարհին ճիշտ լուծումներ գտնելն ուղղակի անհնար է։
Կապերի վերականգնում
Ներկայումս, երբ մարդը դառնում է ավելի ու ավելի ազատ, միասնության, խմբային գործունեության համար առավելապես պահանջվում է գիտակցված մոտեցում։ Մենք սկսում ենք հասկանալ, որ կորսված մարդ-մարդ կապերը վերականգնելն անհրաժեշտություն է։ Եվ այդ նոր կապերը կարող են լինել միայն գիտակցված։ Պարտադրելու դեպքում կապեր հաստատելու փորձերը դատապարտված են։
Մեր խնդիրները եւ դրանց լուծումները հենց այդտեղ են թաքնված։ Կարո՞ղ ենք արդյոք գիտակցված քայլեր անել, որ զգանք դիմացինի, մերձավորի հույզերը, ցավերը, ուրախություններն այնպես, ինչպես մեր սեփականը։ Կարո՞ղ ենք արդյոք չբավարարվել ուրիշներին քննադատելով, նրանց սխալներն ի ցույց դնելով, այլ ցույց տալ դժվարությունները հաղթահարելու ճանապարհը։ Եվ ոչ միայն ցույց տալ, այլեւ իրենց հետ միասին քայլել այդ ճանապարհով։
Իսկ դա հնարավոր է, եթե մենք կարողանում ենք նույնականացնել մեզ մեր մերձավորի հետ, ապրել նրա հույզերը, զգալ նրա ներքին մղումները։ «Հաջողության միակ գաղտնիքը աշխարհն ուրիշի դիրքից տեսնելու մեջ է»,- ասել է բիզնեսմեն Հենրի Ֆորդը: Եվ այդ ուրիշի դիրքից տեսնելու ունակությունը կոչվում է էմպաթիա։
Էմպաթիան կարող է դառնալ այն դարմանը, որը կօգնի ապաքինվելու վերքերից եւ ապրելու ավելի մարդավայել, ավելի ներդաշնակ, գտնելու սոցիալական բազմաթիվ խնդիրների լուծումներ։ Էմպաթիան հենց այն որակն է, որ նպաստում է մարդ-մարդ կապերի վերականգնմանը։
Ես հավատում եմ, որ վաղ թե ուշ բարին է հաղթելու, քանզի խաղաղության եւ ներդաշնակության կայացմանը նպաստում են Վերին Ուժերը: Մարդը կոչված է խաղաղության, մարդուն առավել բնորոշ է բարությունը եւ ոչ թե գազան կամ, առավել եւս, սողուն լինելը:
Մաթեմատիկոս, տեխնիկական գիտությունների թեկնածու։ Աշխատում է ՏՏ ոլորտում ծրագրավորող։ Հետաքրքրությունների շրջանակը՝ մարդ, հոգեւոր գիտելիք, հոգեբանություն, փիլիսոփայություն։