Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ Ռուսլան Ստեֆանչուկը հայտարարել է, որ ռազմական գործողությունների սկսվելուց հետո Ուկրաինան լքած պաշտոնյաներն ու պատգամավորները պետք է վերադառնան մինչեւ ապրիլի 25-ը, հակառակ դեպքում նրանց նկատմամբ կկիրառվեն կարգապահական միջոցներ՝ ընդհուպ աշխատանքից ազատելը։
Ռադայի խոսնակը չի հստակեցրել, թե ուկրաինացի պաշտոնյաներից ու պատգամավորներից ովքեր են արտերկրում, բայց նշվում է, որ ենթադրաբար Ուկրաինան լքել է ռադայի «Ընդդիմադիր պլատֆորմ հանուն կյանքի» կուսակցության պատգամավորների մոտ կեսը: Ուկրաինական իշխանությունները կուսակցությանը մեղադրում են Ռուսաստանի հետ համագործակցելու համար։ Ռադայի խոսնակն ընդգծել է, որ խմբակցության պատգամավորների մյուս մասը մասնակցում է խորհրդարանի նիստերին եւ աջակցում է Ուկրաինայի իշխանությունների քայլերին։