Խոշոր եւ մանր եղջերավոր կենդանիների արոտի շրջանը Շիրակի մարզում կմեկնարկի մի քանի օրից: Բրուցելոզի տարածման վտանգը հիմնականում մեծանում է տարվա այս ժամանակաշրջանում:
Հայաստանի Հանրապետության սննդի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) Շիրակի մարզային կենտրոնից տեղեկացնում են, որ ակտիվորեն շարունակվում են վարակի բացահայտման եւ կանխարգելման միջոցառումները: Բրուցելոզի հայտնաբերման նպատակով նմուշառումներ են արվում մարզի 119 բնակավայրերում:
ՍԱՏՄ մարզային կենտրոնի ղեկավար Արտուշ Հովհաննիսյանն ասում է՝ վարակի հայտնաբերված թվային տվյալներ դեռ չկան, եւ նշում, որ նախորդ տարիների համեմատությամբ վարակակիր կենդանիների թվի նվազում է գրանցվել: Հիմնականում աշխատում են ըստ կազմված ժամանակացույցի, հետ է միայն Աշոցք համայնքը:
Ախուրյան խոշորացված համայնքի համաճարակաբան Կարապետ Պապոյանը տեղեկացնում է, որ նմուշառվել է տարածաշրջանի խոշոր եւ մանր եղջերավոր կենդանիների 70 տոկոսը: Բրուցելոզի գրանցված դեպքեր արդեն արձանագրվել են, միջոցներ են ձեռնարկվում, գոմերն են ախտահանվում, որ հետագա տարածումը կանխարգելեն: Հայկավան, Քեթի, Կապս, Հովիտ, Կառնուտ, Կամո բնակավայրերում արդեն հայտնաբերել ու սանիտարական մորթի են ենթարկել մի քանի գլուխ խոշոր եղջերավորների: Թիվը փոքր է, ամեն համայնքում տասնյակի չի հասնում: Հայկավանում, օրինակ, տարի է եղել` 60 վարակակիր անասուն է հայտնաբերվել, այս տարի 8-ն են:
Տարածման հիմնական խնդիրը համաճարակաբանը անասունների կենդանի վաճառքն է համարում, ասում է՝ տանում են այլ մարզեր ու համայնքներ, հետո ամառային երկարաժամկետ արոտի են տեղափոխում Ամասիա, Աշոցք, ու վարակը շղթայական տարածվում է: Համաճարակաբանն ասում է՝ սանիտարական սպանդի ենթարկված անասունի միսը թույլատրվում է ազատ վաճառել շուկայում, վարակը ջերմակայուն չէ, լավ եփելուց հետո միսն անվտանգ է: Սակայն նույնը չի կարելի ասել կաթնամթերքի մասին. կաթնային հիմքով մթերքներ կան, որոնք բավարար ջերմամշակման չեն ենթարկվում՝ վտանգելով մարդկանց առողջությունը:
Հովիտի վարչական ղեկավար Ավետիք Սերոբյանը հիշում է, որ շուրջ 5 տարի առաջ իրենց փոքր բնակավայրում բրուցելոզով հիվանդ մոտ 40 մարդ կար: Վիճակը կայունացել էր, բայց այս տարի գյուղում կրկին վարակված մեկ խոշոր եղջերավոր է հայտնաբերվել ու մորթի ենթարկվել: Սերոբյանն ուրախ է, որ շուտ է հայտնաբերվել, այլապես հիվանդ անասունն արոտի դուրս կգար, արածած տեղում առողջ անասունը արածեր, կվարակվեր:
Մասնագետներն ասում են՝ բրուցելոզը մարդկանց փոխանցվում է հիվանդ կենդանիներից։ Առաջին գանգատները կարող են ի հայտ գալ վարակվելուց հետո՝ մի քանի օրից մինչեւ մի քանի ամսվա ընթացքում: Մարդկանց ջերմաստիճանը բարձրանում է մինչեւ 39-40 աստիճան: Առաջանում են դող, թուլություն, առատ քրտնարտադրություն, մկաններում եւ հոդերում ուժեղ ցավեր: Բնորոշ են նյարդային եւ ոսկրահոդային համակարգերի, արյունատար անոթների ախտահարումները:
Մարզի առողջապահության վարչությունից հայտնում են, որ այս պահին բրուցելոզ հիվանդությամբ բուժհաստատություններ դիմած քաղաքացիներ չունեն:
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։