Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի եղբայրը վայր է դրել Գյումրու ավագանու իր մանդատը։ Նա 2021 թվականի հոկտեմբերի 17-ին Գյումրիում տեղի ունեցած ավագանու ընտրություններում ընտրապայքարի մեջ էր մտել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 2-րդ համարով։ Բաղդասարյանը համացանցում տարածած հայտարարության մեջ նաեւ տեղեկացրել է, որ դադարեցնում է ՔՊԿ անդամակցությունը։
Լուրը քաղաքում շատ բուռն ու բազմազան քննարկումներով ընդունվեց, քանի որ Արման Բաղդասարյանն աչքի էր ընկնում իշխանամետ կեցվածքով։
Հայտարարությունից երկու ժամ անց Բաղդասարյանը հանդես եկավ եւս մեկ՝ պարզաբանող գրառմամբ։ Չբացելով փակագծեր՝ նա ներկայացրեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Սուրեն Պապիկյանին եւ Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանին հղված դիմումների ընդհանուր պատճառը։
«Ըստ իս՝ մենք ձախողում ենք քաղաքի կառավարումը, ուստի ես ընդունում եմ մեղքի իմ բաժինը եւ կրում պատասխանատվություն իմ մասով։ Համապատասխան դիմումը ներկայացրել եմ վարչության նախագահի անունով։ Թե ինչ կորոշի վարչությունը, հավելյալ կտեղեկացնեմ»,- պարզաբանում է Բաղդասարյանն ու հավելում, որ անկախ զարգացումներից՝ մնացել է հեղափոխության գաղափարների ու արժեքների կրողը։
Նույն օրը Արման Բաղդասարյանի կինը՝ Անի Բաղդասարյանը, նույնպես սեփական դիմումի համաձայն ազատվել է Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի ծրագրերի եւ արտաքին կապերի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնից։
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։