Հայաստանում էներգետիկ ոլորտի ազատականացումը, ինչպես նախորդ հրապարակմամբ էինք ներկայացրել, նշանակում է, որ ոլորտում գործող ընկերությունները կամ սեփականատերերը կարող են մեկ գործառույթ իրականացնել՝ կա՛մ արտադրել, կա՛մ փոխադրել, կա՛մ մատակարարել։ Եթե որեւէ սեփականատեր իրականացնում է միանգամից երկու կամ երեք գործառույթ, դա արդեն ազատականացում չէ։ Եվ երբ մեր երկրում ոլորտի պատասխանատուներն ազդարարում են, որ էներգետիկ շուկան ազատականացվում է, ընդամենը նկատի ունեն այն, որ այսուհետ ՀԷՑ-ի հետ զուգահեռ այլ ընկերություններ նույնպես հոսանք կմատակարարեն։ Սա արդեն ազատականացման իմիտացիա է։
Ավելին՝ ՀԷՑ-ը նախկինի նման դեռեւս շարունակում է ունենալ բնական մենաշնորհ․ մեկ տարի հետո նոր 1 միլիոն եւ ավելի կիլովատ էներգիա արտադրող ընկերությունները պետք է ընտրեն նոր մատակարարի։ Բայց դրանք էլ շատ չեն, ընդամենը 25-ն են։ Իսկ ՀԷՑ-ը կշարունակի մատակարարել ոչ միայն մյուս սպառողների, այլեւ բնակիչ-բաժանորդների հոսանքը։
ՀԷՑ-ի սեփականատեր՝ ռուսաստանաբնակ միլիարդատեր Սամվել Կարապետյանին է պատկանում նաեւ էլեկտրաէներգիա արտադրող 2 խոշոր ընկերություն՝ «Հրազդանի ՋԷԿ» եւ «Միջազգային էներգետիկ կորպորացիա» փակ բաժնետիրական ընկերությունները։ Դրանցից առաջինը Կարապետյանը ձեռք է բերել 2015 թվականին Կիպրոսում իր գրանցած «Liormand Holdings Limited» ընկերության միջոցով։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի տվյալների համաձայն՝ «Հրազդանի ՋԷԿ»-ը 2021 թվականին արտադրել եւ ՀԷՑ-ին է փոխանցել 1 մլրդ 576 միլիոն կիլովատ էլեկտրաէներգիա։ 2021-ին դա Ատոմակայանից եւ «Երեւան ՋԷԿ»-ից հետո 3-րդ խոշոր արտադրողն է եղել։
«Միջազգային էներգետիկ կորպորացիա» ՓԲԸ-ն Սամվել Կարապետյանը ձեռք է բերել 2019 թվականի վերջին։ ՄԷԿ-ը տնօրինում է Սեւան-Հրազդան կասկադի ակտիվները՝ ներառյալ 7 ՀԷԿ-երը, որոնք տեղակայված են Հրազդան գետի երկայնքով, Սեւանա լճի եւ Երեւան քաղաքի միջեւ։ Դրանք են «Սեւանը», «Հրազդանը», «Արգելը», «Արզնին», «Երեւան 1-ը», «Երեւան-3-ն» ու «Քանաքեռը»: Կայաններն օգտագործում են Հրազդան գետի բնական հոսքը, ինչպես նաեւ Սեւանից ոռոգման նպատակով բաց թողնվող ջուրը:
Սեւան-Հրազդան կասկադը նույնպես խոշոր արտադրող է, 6-րդն է էլեկտրաէներգիա արտադրող ընկերությունների շարքում եւ անցած տարի արտադրել է 456 միլիոն կիլովատ հոսանք։ Այն նաեւ Որոտանի ՀԷԿ-ից կամ «Քոնթուր գլոբալ հիդրո կասկադ»-ից հետո Հայաստանի ՀԷԿ-երի 2-րդ խոշոր խումբն է։
Սամվել Կարապետյանի էներգետիկ կարողություններն այս ընկերություններով չի սահմանափակվում։ 2016 թվականից նրա ընտանիքին է պատկանում նաեւ «Ձորագետ հիդրոն», որը փոքր ՀԷԿ-երից ամենամեծն է։ Ռուսաստանաբնակ գործարարը մի նոր ՀԷԿ է կառուցում նաեւ ջրառատ Դեբեդ գետի վրա՝ «Շնող»-ը, որը տարեկան մոտ 500 կիկովատ/ժամ հոսանք կարտադրի։ Այսինքն՝ սա նույնպես խոշոր արտադրող կլինի։ Կարապետյանների ակտիվների մեջ նշվում են նաեւ Գեղարքունիքի մարզի Գետիկ գետի վրա տեղակայված «Էրիկ» եւ «Վահան» ՀԷԿ-երը:
Այդպիսով կարող ենք ասել, որ պետությունից հետո Սամվել Կարապետյանն էներգետիկ ոլորտում երկրորդ խոշոր սեփականատերն է, որը տիրապետում է ռազմավարական նշանակություն ունեցող թե՛ արտադրող, թե՛ մատակարարող եւ թե՛ փոխադրող գործառույթ ունեցող ընկերությունների։
Ընդ որում՝ Սամվել Կարապետյանն այն սեփականատերն է, որն ամբողջությամբ կրում է Ռուսաստանի ազդեցությունը։ Այսինքն՝ ՌԴ-ն Կարապետյանի միջոցով Հայաստանում տիրապետում է էներգետիկ ոլորտի գրեթե բոլոր ճյուղերում ներկայացված խոշոր ընկերությունների ակտիվներին՝ գազամատակարար «Գազպրոմ-Արմենիայից» բացի ընկերություններ նաեւ արտադրող, մատակարարող եւ փոխադրող ճյուղերում։ Արտադրող հատվածում էլ ունի մի քանի տարբերակներ՝ հիդրոէլեկտրակայաններ, ջերմաէլեկտրակայան, հետաքրքրություններ ունի նաեւ արեւային էներգետիկայի արտադրության նկատմամբ։
Այս փաստերն արդեն գալիս են ապացուցելու, որ էներգետիկ ոլորտում իշխանությունների ներկայացրած ազատականացումն ընդամենը խեղված գաղափար է կամ ցանկալին որպես իրականություն ընդունելու փորձ։
Ավելին՝ անհանգիստ այս ժամանակահատվածում Ռուսաստանը նաեւ Սամվել Կարապետյանի միջոցով կարող է իր էներգետիկ մահակը թափ տալ Հայաստանի գլխին՝ բարձրացնել սակագինն այնպես, ինչպես այս պահին անում է եվրոպական երկրների նկատմամբ եւ ինչպես երբեմն քաղաքական նկատառումներով անում է հենց մեր երկրի նկատմամբ։ Կարող է նաեւ տարբեր պատճառներով ժամանակ առ ժամանակ կանգնեցնել արտադրությունն ու փոխադրումը։ Այդ մահակը նա կօգտագործի նույն ՀԷՑ-ի միջոցով՝ անհավասար պայմաններ ստեղծելով մյուս մատակարարների համար։
Նման իրավիճակում էներգետիկ շուկայում տեղի ունեցող գործընթացներն ազատականացում անվանելն ու դրանից դրական արդյունք սպասելը, մեղմ ասած, աչքակապություն է։
Լրագրող եմ, գրում եմ քաղաքականության եւ տնտեսության մասին։ Սիրում եմ, երբ այդ երկուսը միախառնված են, եւ հնարավոր չի լինում հասկանալ՝ քաղաքական շահե՞րն են որոշում տնտեսական զարգացումները, թե՞ տնտեսական շահերն են որոշում քաղաքական զարգացումները։