Ամերկիացի գրող Օ. Հենրին, կտրելով ժամանակի ու հեռավորության հսկայական տարածություն, հասել է Հայաստանի հեռավոր Վայոց ձորի մարզ: Հեղինակի «Ամերիկյան պատմությունները» Եղեգնաձորի «Մաշտոց» հրատարակչատանն է հայերեն «հագուկապ» ստացել ու հասել գրադարաններ, գրախանութներ:
Սա «Մաշտոցի» առաջնեկն է: Մարզի երիտասարդները մի քանի ամիս են անցկացրել՝ ամերիկացի հեղինակին թարգմանելու եւ հայ ընթերցողին հասանելի դարձնելու համար:
Կրթություն եւ աշխատանք՝ միաժամանակ
Թարգմանչաց դպրոցն ու կից հրատարակչությունը հիմնադրել է «Սյունիք-Զարգացում» հասարակական կազմակերպությունը 2020-ին: Նախաձեռնության նպատակը մարզի 70-ից ավելի երիտասարդներին կրթությամբ ու աշխատանքով միաժամանակ ապահովելն է: «Մաշտոցի» կարեւոր խնդրիներից են 5-րդ դարում սկզբնավորված թարգմանչաց դպրոցի ավանդույթների շարունակումն ու սերունդներին փոխանցումը:
Հրատարակչությունում թարգմանություններ են տարվում անգլերենից, ֆրանսերենից եւ գերմաներենից:
Մարզի Թառաթումբ գյուղից 20-ամյա Ռոզա Հարությունյանը շատ պատահական է հայտնվել հրատարակչությունում: Թարգմանչի աշխատանքն այնքան է գրավել, որ արդեն անգլերենի թարգմանական 57 հոգանոց խմբի պատասխանատուն է:
Ռոզան Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) Եղեգնաձորի մասնաճյուղի երկրորդ կուրսի ուսանողուհի է: Ասում է՝ թեեւ այդ մասնագիտությունն է ընտրել, բայց թարգմանական գործն այնքան է հավանել, որ որոշել է մագիստրոսական կրթությունը ստանալ այդ ոլորտում:
«Սա ոչ միայն ձգտումներն իրականացնելու, այլեւ բարձր հոնորար ստանալու լավ հնարավորություն է: Եթե աշխատասեր ես, հետաքրքրություն ես ցուցաբերում, առաջընթացը երաշխավորված է»,- ասում է ուսանողուհին:
Հրատարակչությունում թարգմանիչ կարող են աշխատել բոլորը: Միայն կարեւոր մեկ պայման կա. եթե որոշում են միանալ թիմին, պետք է հետեւողականորեն մասնակցեն դասընթացներին, պատրաստ լինեն շարունակ նորը սովորելու:
«Որակավորման համար պարբերաբար մասնակցում ենք հայոց լեզվի, անգլերենի, ֆրանսերենի, գերմաներենի, նաեւ գեղարվեստական խոսքի անվճար դասընթացների: Դրանք տեսաձայնագրվում են ու հասանելի են նաեւ առցանց հարթակներում, ինչը լավ հնարավորություն է գյուղաբնակների համար»,- պատմում է Ռոզան ու ընդգծում՝ դասերին անվճար կարողանում են մասնակցել մարզի դպրոցականները:
Թարգմանչաց դպրոցում աշխատել սկսելուց առաջ դիմորդներն անցնում են փորձնական փուլ, թարգմանում մի քանի էջ: Ագարակաձորցի Արեւիկ Ասլանյանը, որ նույնպես ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղի ուսանողուհի է, հիշում է, որ առաջին փորձն իրականում այդքան էլ հեշտ չի եղել:
«Առաջին թարգմանած էջից հետո նույնիսկ որոշել էի չշարունակել, սակայն միջավայրն ու խմբագիրների, աշխատակիցների օգնելու պատրաստակամությունն այնքան մեծ էր, որ հիասթափությունս արագ անցավ»:
Արեւիկն ընդգծում է, որ Թարգմանչաց դպրոցը ոչ միայն կրթություն ու աշխատանք է տալիս, այլեւ նպաստում է, որ ակտիվանան միջհամայնքային շփումները, ծանոթություններ հաստատվեն երիտասարդների միջեւ: Միասին կարողանում են նաեւ այլ նախաձեռնություններ իրականացնել՝ մարզի զարգացման համար:
Լուծելով զբաղվածության խնդիրը
Թարգմանչաց դպրոցի անգլիական բաժնի համակարգող, խմբագիր, Պարույր Սեւակի տուն-թանգարանի տնօրեն Սեւակ Ղազարյանը, որը խմբագրում եւ բնագրի հետ համեմատում է թարգմանությունները, Թարգմանչաց դպրոցի զարգացման հնարավորությունները բարձր է գնահատում:
«Իմ խորին համոզմամբ՝ սա նմանը չունեցող մասշտաբային ծրագիր է: Չեմ հիշում, որ անկախության տարիներին թարգմանական գործի այսպիսի նախաձեռնություն իրականացվեր: Հրաշալի է, որ այն ոչ թե Երեւանում է, այլ մարզում: «Մաշտոցը» կարեւոր առաքելություն ունի. ամեն ինչ կենտրոնացած է մայրաքաղաքում, բազմաթիվ երիտասարդներ Երեւան են տեղափոխվում, եւ մարզերը դատարկվում են, ինչը խիստ անցանկալի է»:
Հրատարակչությունը լուծում է մարզաբնակ մի քանի տասնյակ երիտասարդների զբաղվածության խնդիրը, ինչը կարող է խթան դառնալ՝ Վայոց ձորում մնալու: «Թարգմանչաց դպրոցը հենց մարզը լքելու դեմ է պայքարում եւ հաջողելու է, որովհետեւ այն ծրագրերը, որոնք պատրաստվում ենք իրականացնելու, չեն զիջում երեւանյան ամենահայտնի հրատարակչությունների ծրագրերին»:
Ղազարյանն ասնում է՝ երիտասարդների հետ աշխատելու մոտեցումներն ու վերջիններիս ցուցաբերած արդյունքները տարբեր են: Թարգմանության նրբությունները չիմացող շատ մարդկանց թվում է՝ ընդամենն անհրաժեշտ է լեզուն իմանալ եւ հանգիստ թարգմանել, բայց, մանավանդ գեղարվեստական գրականության դեպքում, այդպես չէ:
«Շատ կարեւոր է հայերենին լավ տիրապետելը, լեզվազգացողություն ունենալը: Երբ գիրքը լավ է թարգմանվում, ասում են՝ այս ի՜նչ լավ հեղինակ է, երբ վատ է թարգմանվում, ասում են՝ վա՜յ, այս ինչ վատ թարգմանիչ է: Սեւ, ծանր աշխատանք է գեղարվեստական գրականության թարգմանությունը, բայց եւ մեծ գործ է, որովհետեւ մենք համաշխարհային գրականության լավագույն գեղարվեստական գործերը դնում ենք հայ ընթերցողի սեղանին»,- ասում է խմբագիրն ու վստահություն հայտնում՝ վայոցձորցի երիտասարդները պատրաստակամորեն են ընդունում «մարտահրավերը»:
Հրատարակչությունը շահույթ չի հետապնդում: Ստացված ամբողջ հասույթն աշխատավարձերի տեսքով փոխանցվում է թարգմանիչներին, ներդրվում նոր դասընթացների իրականացման համար:
Մի քանի շաբաթից Թարգմանչաց դպրոցի նոր գրքի շնորհանդեսն է լինելու, մի քանի գրքեր էլ թարգմանության փուլում են:
Լրագրությունը որպես մասնագիտություն ընտրելիս հավատացած էի` այն կարող է աշխարհը փոխել: Հիմա մտածում եմ` գուցե աշխարհը փոխել չստացվի, բայց որոշ դեպքերում իրավիճակ փոխել հնարավոր է: