Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի տեղակալ Իգոր Ժովկվան հայտարարել է, որ պաշտոնական Կիեւն ավարտել է հարցաթերթիկի լրացումը, որը կդառնա Եվրամիությանը Ուկրաինայի անդամակցության վերաբերյալ որոշում ընդունելու մեկնարկային կետը։
Ուկրաինական հեռուստատեսությանը նախօրեին տված հարցազրույցում Ժովկվան ասել է, որ գնդակը արդեն Եվրամիության դաշտում է։ Նա պարզաբանել է, որ Եվրահանձնաժողովը պետք է հանձնարարականներ տա Եվրամիությանն Ուկրաինայի անդամակցության չափանիշներին համապատասխանելու վերաբերյալ։
Ըստ Իգոր Ժովկվայի՝ Ուկրաինան ակնկալում է Եվրամիության անդամի թեկնածու երկրի կարգավիճակ ստանալ Եվրոպական խորհրդի՝ հունիսի 23-24-ը նախատեսված հաջորդ նիստի ժամանակ։ Նա ասել է, որ անդամակցության բանակցությունների մեկնարկից հետո արդեն կարելի կլինի խոսել ԵՄ-ին Ուկրաինայի լիիրավ անդամակցության մասին։
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հարցաշարը նախագահ Վլադիմիր Զելենսկուն էր հանձնել ապրիլի 8-ին Կիեւ այցի ժամանակ՝ խոստանալով արագացնել ԵՄ-ին անդամակցելու Ուկրաինայի դիմումի քննարկումը։