Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին բանակի օրվան նվիրված ռազմական շքերթի ժամանակ հայտարարել է, որ Իսրայելի կողմից ցանկացած ագրեսիվ գործողության դեպքում իրանական բանակը կդիմի պատասխան գործողությունների։ Նա հավելել է, որ անգամ ամենաթեթեւ շարժը չի վրիպի իսլամական հանրապետության հետախուզության, անվտանգության ուժերի եւ բանակի ուշադրությունից։
«Նկատի ունեցեք՝ Իրանի ժողովրդի դեմ անգամ աննշան քայլ անելու դեպքում մեր զինված ուժերի թիրախը կլինի սիոնիստական կազմավորման կենտրոնը»,- շեշտել է Իրանի նախագահը։
Ռայիսիի հայտարարությունները հնչել են Թեհրանի եւ միջազգային առաջատար դերակատարների միջեւ Վիեննայում ընթացող բանակցությունների փաստացի սառեցման պայմաններում։ Իսրայելը կտրականապես դեմ է Իրանի միջուկային համաձայնագրի շուրջ նոր համաձայնագրի կնքմանը՝ պնդելով, որ այն արդյունավետորեն չի ապահովում Թեհրանի ոչ միջուկային կարգավիճակը։
Ավելի վաղ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» ուժերի հրամանատար Էսմայիլ Քաանին ասել է, որ հարկ եղած դեպքում Իրանն ամենակոշտ միջոցներով պայքարելու է Իսրայելի դեմ:
Մարտ ամսվա ընթացքում Իրանը հրթիռներով հարված էր հասցրել Իրաքյան Քրդստանի մայրաքաղաք Էրբիլին: Թեհրանը հայտարարել էր, թե հրթիռների թիրախն Իսրայելի հետախուզության՝ Մոսադի հենակետերն էին: Գրոհը ծրագրվել էր ի պատասխան Սիրիայում Իրանի զինծառայողների սպանության: