Կանադայի միջազգային զարգացման նախարար Հարջիտ Սաջանը CBS հեռուստաալիքի եթերում հայտնել է, որ երկրի իշխանությունները մարդասիրական ոլորտում Ուկրաինային եւ Եվրոպայի երկրներում գտնվող ուկրաինացի փախստականներին օգնություն ցույց տալու նոր տարբերակներ են քննարկում:
Նախարարը նշել է, որ Կանադայի իշխանությունները փորձում են հնարավորինս ավելի շատ պաշարներ տեղափոխել Եվրոպա։
«Մենք շրջիկ մեծ հոսպիտալ ունենք, որը պատրաստ ենք տեղակայելու այնտեղ»,- հավելել է գերատեսչության ղեկավարը։
Սաջանը նշել է նաեւ, որ կարիքավորներին օգնություն հասցնելու համար մշտական կապեր են պահպանում միջազգային հումանիտար կազմակերպությունների հետ:
Նախարարը նաեւ տեղեկացրել է, որ արդեն Լեհաստան են ժամանել 100 կանադացի զինվորականներ, որոնց խնդիրն է աջակցություն ցույց տալ ուկրաինացի փախստականներին, այդ թվում Կանադա մեկնելու համար փաստաթղթերի ձեւակերպման հարցում։