ԱՄՆ պետքարտուղարությունը հրապարակել է մարդու իրավունքների վերաբերյալ ամենամյա զեկույցը, որի՝ Ադրբեջանին վերաբերող հատվածում անդրադարձ կա այդ երկրում մարդու իրավունքների կոպտագույն խախտումներին: Խորհրդարանի, նախագահի ընտրություններում արձանագրված խնդիրներից մինչեւ իշխանությունից կախված արդարադատության համակարգ, մամուլի ազատության սահմանափակումներ, հայ գերիների հանդեպ ապօրինություններ. արձանագրված խնդիրների ցանկը երկար է: Պետդեպարտամենտի զեկույցում նշվում է, որ 2020-ի 44-օրյա պատերազմից հետո սահմանի ամբողջ երկայնքով երբեմն բախումներ են լինում, եւ որոշ դեպքեր մահվան կամ ձերբակալությունների պատճառ են դառնում:
Քրեական հետապնդումներ հայ քաղաքացիական անձանց եւ զինծառայողների նկատմամբ
Ադրբեջանի կառավարությունը խոստովանել է, որ Ադրբեջանում պահվում է 41 գերի, սակայն հերքել է այն պնդումները, թե եւս 25 հայ զինծառայող անհետացել է ձերբակալումից հետո: Հայ կալանավորված անձանց թույլ չի տրվել դատավարությունների ժամանակ ընտրել իրենց համար օրինական ներկայացուցիչների: Կան հաղորդումներ, որ Ադրբեջանի կառավարությունը քրեական հետապնդում է իրականացրել հայ քաղաքացիական անձանց եւ զինծառայողների նկատմամբ, որոնք կալանավորվել են ինչպես 2020 թվականի աշնան ռազմական գործողությունների ժամանակ, այնպես էլ 2020 թվականի նոյեմբերի հրադադարից հետո. այդ դատավարությունների ընթացքում պատշաճ ընթացակարգերը չեն պահպանվել:
Դաժան վերաբերմունք հայ գերիների նկատմամբ
Պետքարտուղարության զեկույցում նաեւ նշվում է, որ Ադրբեջանի կողմից գրավված տարածքներում իրենց տներում ապրել շարունակող խաղաղ բնակիչները ձերբակալվել կամ սպանվել են, այդ թվում՝ տարեց քաղաքացիները, որոնք զենք չեն ունեցել պաշտպանվելու համար: Զեկույցի հեղինակները մատնանշում են նաեւ հայ գերիների նկատմամբ դաժան վերաբերմունքը, գերեվարված անձանց՝ արդար դատավարության իրավունքից զրկված լինելը, ինչպես նաեւ բռնի անհետացումների փաստերը։
Ադրբեջանական ուժերի կողմից ձերբակալված հայերի դիտավորյալ սպանությունները եւ նրանց նկատմամբ դաժան վերաբերմունքը, միջազգային մարդասիրական իրավունքի համաձայն, պատերազմական հանցագործություններ են: Ադրբեջանական կողմը բռնության է ենթարկել 2020 թվականին Լեռնային Ղարաբաղի հակամարտության ժամանակ գերեվարվածներին՝ նրանց ենթարկելով խոշտանգումների, դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի:
Բաքուն նպատակային թիրախավորել է հիվանդանոցները
Զեկույցի համաձայն՝ պատերազմի ընթացքում Բաքուն նպատակային թիրախավորել է հիվանդանոցներն ու վիրավորներ տեղափոխող բժշկական տրանսպորտը: Կոչ է արվում համապատասխան մարմինների անհապաղ եւ մանրակրկիտ հետաքննելու այդօրինակ միջադեպերը:
Ռասայական խտրականության, ատելության խոսքի դրսեւորումներն Ադրբեջանում
Պետքարտուղարությունն անդրադարձել է նաեւ հայերի նկատամամբ Ադրբեջանի դրսեւորած ռասայական խտրականության, ատելության խոսքի դրսեւորումներին:
Մի ամբողջ սերունդ է մեծացել Ադրբեջանում՝ լսելով հայերին ուղղված ատելության խոսք: Երբեմն խոսքը դրսեւորվում է նաեւ գործով: «Ադրբեջան-2020» նամականիշներից մեկի վրա, օրինակ, բժշկական արտահագուստով մարդը քիմիական ախտահանման է ենթարկում Լեռնային Ղարաբաղի տարածքը: Նամականիշում ակնարկվում է, որ հայերը «վարակ» են: 2021-ի ապրիլին Բաքվում բացվեց «Ռազմավարի պուրակ»: Այսօրինակ քայլերը միայն ավելի են խորացնում թշնամական տրամադրություններն ու ատելության խոսքը, բազմապատկում ու խթանում երկրի ներսում անհանդուրժողականությունը:
Լեռնային Ղարաբաղի 44-օրյա պատերազմը, զեկույցի համաձայն, մեծապես ազդել է Ադրբեջանի տեղեկատվական դաշտի, մեդիայի ազատության վրա: Ադրբեջանի կառավարությունը արգելափակել է իշխանությանը քննադատող լրատվամիջոցները. «սոցիալական մեդիա հարթակները մնում են միակ տարածքը, որտեղ դրսեւորվում է մարդկանց արտահայտվելու ազատությունը»՝ նշված է զեկույցում:
Ըստ զեկույցի՝ Ադրբեջանում ներկայումս կա 122 քաղբանտարկյալ։