ԱՄՆ պետդեպը հրապարակել է մարդու իրավունքների վիճակի մասին 2021 թվականի տարեկան զեկույցը։ Հայաստանին վերաբերող մասում ներառված են նաեւ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի դիտարկումներն ու հետազոտությունների արդյունքները։
Անդրադառնալով 2021-ի հունիսին անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրություններին՝ զեկույցում նշվել է, որ թեեւ ընտրությունները մրցակցային են եղել եւ լավ կազմակերպված, բայց ուղեկցվել են հրահրող եւ խտրական հռետորիկայով եւ բեւեռայնացվածությամբ։ Դրանք ընթացել են ենթադրյալ ընտրախախտումներով, ինչպիսիք են ընտրակաշառքը, քարոզչական արշավներին մասնակցելուն պարտադրելը, իշխող կուսակցության եւ պետության միջեւ սահմանների աղավաղումը, վարչական ռեսուրսի չարաշահումը, քարոզչության ֆինանսավորման մասով խախտումներ ու ընտրություններին վերաբերող բողոքարկման սահմանափակումներ։
ԱՄՆ պետդեպի զեկույցում անդրադարձ կա նաեւ ՀՀ-ում այլ փոփոխությունների, 44-օրյա պատերազմի հետեւանքներին, մարդու իրավունքների խախտման դեպքերին, պաշտոնատար անձանց կատարած չարաշահումների ուղղությամբ քննություն իրականացնելուն։ Հատուկ նշվել է, որ խորհրդարանն այդպես էլ չանցկացրեց մարդու իրավունքների խախտումների փաստահավաք հանձնաժողովի ստեղծման մասին օրենքը։
Զեկույցի՝ աշխատանքային իրավունքների պաշտպանությանը վերաբերող հատվածում տեղ են գտել Արժանապատիվ աշխատանք հիմա ծրագրի շրջանակում արված հետազոտության արդյունքներ ու դիտարկումներ։
Ոչ մարտական պայմաններում զինծառայողների մահվան դեպքերի վերաբերյալ հայաստանյան ՔՀԿ-ների մտահոգությունների համատեքստում անդրադարձ կա ՀՔԱ Վանաձորի գրասենյակի՝ 2021 թվականին ՀՀ եւ ԱՀ (ԼՂ) զինված ուժերում մահացության դեպքերի մասին տեղեկանքին․
«Համաձայն ՀՔԱՎ տեղեկանքի՝ շարունակվում են առողջական խնդիրների պատճառով մահվան դեպքերը զինծառայողների շրջանում, բայց հստակ չէ, թե որ գործոններն են բերում դրան, կամ որքանով դրանք կապ ունեն զինվորական ծառայության հետ։ ՀՔԱՎ-ը զեկույցում նշում է, որ մի դեպքում զորակոչիկի մահվան պատճառ է դարձել ոչ պատշաճ բժշկական օգնությունը»։