Ավստրիայի կանցլեր Կարլ Նեհամերը հայտարարել է, որ Ավստրիան Ռուսաստանի գազից կախվածությունը կկարողանա վերացնել, հավանաբար, մի քանի տարի անց:
«Դա ժամանակ կպահանջի, քանի որ ռուսական գազից մեր կախվածության աստիճանը 80 տոկոս է, Գերմանիայում էլ է նույն իրավիճակը»,- ասել է Նեհամերը: Նա նշել է, որ Ավստրիան տարբերակներ է փորձարկում Ռուսաստանից այդ կախվածությունը հաղթահարելու համար։
Ավստրիայի կանցլերը պատմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր բանակցությունների մասին։ Նա նշել է, որ հանդիպման սկզբում քաղաքական գործիչները խոսել են գերմաներեն, այնուհետեւ նրանց շփումը տեղի է ունեցել սինխրոն թարգմանության միջոցով։ Նա ընդգծել է, որ Պուտինի համար կարեւոր էր հնարավորինս ճշգրիտ լինել:
Նա նշել է, որ կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումների շրջանակում իրենք խոսել են խոսափողի միջոցով, 6 մետրանոց սեղանի շուրջ։
Նեհամերն ավելի վաղ հայտարարել էր, որ Պուտինի հետ բանակցությունները եղել են կոշտ, բայց բաց եւ անմիջական։