ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը հայտնել է, որ համացանցում շրջանառվում է տեղեկություն, որ բազմաթիվ քաղաքացիների բջջային հեռախոսների կամ անձնական օգտագործման համակարգիչների ինտերնետ դիտարկիչներում սկսել են հայտնվել հաղորդագրություններ, իբր պոռնկագրական նյութեր պարունակող կայքեր բազմիցս այցելելու պատճառով ՀՀ ոստիկանության կողմից արգելափակվել է օգտատիրոջ համակարգիչը, եւ նա տուգանվել է որոշակի գումարի չափով։
Ջանոյանը նշել է, որ նույն հաղորդագրությամբ քաղաքացիներին ներկայացվում է տուգանքները վճարելու հաշվեհամար՝ հղում անելով ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածին: Նա շեշտել է, որ նշյալ հոդվածը վերաբերում է ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելուն։
«Պարզաբանում ենք, որ խնդրո առարկա հաղորդագրությունները որեւէ առնչություն չունեն ՀՀ ոստիկանության հետ, իսկ դիտարկված կասկածելի կայքը, որի հղումով մուտք է գործել օգտատերը, հնարավոր է պարունակած լինի նման հաղորդագրություն ցուցադրելու համար նախատեսված ծրագրային ապահովում, ինչի գործարկման հետեւանքով հաղորդագրությունը հայտնվել է բջջային հեռախոսում կամ համակարգչում»,- ֆեյսբուքյան գրառման մեջ ընդգծել է Ջանոյանը:
ՀՀ ոստիկանությունը հորդորել է չվճարել պահանջվող գումարը եւ համացանցից օգտվելու արգելափակումը վերացնելու համար մաքրել համակարգչի ինտերնետ դիտարկման արդյունքում կուտակված ֆայլերը (cache) եւ դիտարկիչի հավելումները (extension) կամ դիմել համակարգչային մասնագետի։
Ջանոյանը խարդախների գործողություններից տուժած քաղաքացիներիին խորհուրդ է տվել դիմել ոստիկանություն: