Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը ապրիլի 18-ին ընդունել է ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Աննա-Կարին Օստին եւ իրավաբանական բաժնի ղեկավար Անդրեյ Արյուպինին։
Մարդու իրավունքների պաշտպանը ներկայացրել է Արցախից տեղահանված անձանց խնդիրների համախումբը, որն այս ընթացքում Պաշտպանի հաստատության կողմից հաշվառվել է, նաեւ ՄԻՊ-ի մարզային այցելությունների ու ընտանիքների հետ առանձնազրույցների միջոցով։
Անդրադառնալով փախստականների, տեղահանվածների, ապաստան հայցող եւ քաղաքացիություն չունեցող անձանց իրավունքների պաշտպանության օրենսդրական բարեփոխումներին՝ Գրիգորյանը ներկայացրել է Ազգային ժողովին ու գործադիր իշխանությանը կարծիքներ եւ առաջարկներ ներկայացնելու Պաշտպանի Սահմանադրական մանդատը եւ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի ու ԱԺ-ի միջեւ կապող օղակ լինելու պատրաստակամություն հայտնել՝ օրենսդրական մակարդակում արձանագրված խնդիրների ինստիտուցիոնալ լուծումներ գտնելու նպատակով:
Կողմերը պայմանավորվել են ակտիվացնել ՄԻՊ Սյունիքի մարզային եւ ՄԱՓԳՀ-ի առաքելության Գորիսի մասնաճյուղի միջեւ համագործակցությունը:
Հանդիպմանն ընդգծվել է համատեղ փաստահավաք առաքելությունների եւ իրազեկման գործողությունների իրականացման կարեւորությունը, եւ համագործակցությունը խորացնելու պայմանավորվածություն է ձեռք բերվել։