Նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը հերթական հոդվածն է հրապարակել, որի գլխավոր միտքն այն է, որ Ադրբեջանի առաջարկած «սկզբունքներով» խաղաղության պայմանագրի ստորագրումից այսօր անհրաժեշտ է խուսափել, եւ Փաշինյանը «ցանկության դեպքում բոլորի առաջ հիմնավոր եւ համոզիչ փաստարկներ ունի նման փաստաթուղթ չստորագրելու համար»։
Հեղինակը պարզաբանում է. «Իրավական տեսակետից այդ փաստաթուղթը կհակասի Հայաստանի սահմանադրությանը եւ անկախ Հայաստանի Գերագույն խորհրդի 1992-ի ընդունած որոշմանը։ Նման փաստաթուղթ ստորագրելու եւ վավերացնելու համար պետք է փոխել Հայաստանի սահմանադրությունը եւ չեղարկել Գերագույն խորհրդի որոշումը»։
Նույն տեղում Օսկանյանն ասում է, որ ԼՂ կարգավորման՝ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջարկած տարբերակի մերժումն արդարացված էր, քանի որ «հաջորդ տարիներին Մինսկի խումբը սեղանին դրեց երեք առաջարկ (ընդհանուր պետության, Քի Վեսթի եւ Մադրիդյան առաջարկները), որտեղ հղում կար Ղարաբաղի կարգավիճակին, եւ երեք դեպքում էլ՝ Ադրբեջանի կազմից դուրս»։
Նախ՝ «Ընդհանուր պետություն» առաջարկությունը, ինչպես «Անավարտ տասնամյակ» գրքում Օսկանյանն ինքն է վկայում, Հայաստանի խնդրանքն է եղել Ռուսաստանին։ Երկրորդ՝ այն ԼՂ կարգավիճակը որոշում էր Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված սահմաններում, ոչ թե նրա «կազմից դուրս»։ Երրորդ՝ Ադրբեջանը մերժել է թե՛ Քիուեսթը, թե՛ «Մադրիդյան սկզբունքները» հենց այն պատճառով, որ դրանք ընդունելու, այդ հիմքով պայմանագիր ստորագրելու դեպքում սահմանադրություն փոխելու, այսինքն՝ համապետական հանրաքվե անցկացնելու խնդրի առջեւ կկանգներ ինքը։
Վարդան Օսկանյանը, երբ Տեր-Պետրոսյանի հարցին՝ հնարավո՞ր է ունենալ փաստաթուղթ, որտեղ ԼՂ կարգավիճակը կամրագրվի Ադրբեջանից դուրս, դրական պատասխան էր տալիս, չգիտե՞ր, որ Ադրբեջանի սահմանադրությունը ո՛չ Լեռնային Ղարաբաղ՝ որպես վարչատարածքային միավոր է ճանաչում, ո՛չ էլ նրա որեւէ կարգավիճակ։ Չէ՞ր պատկերացնում, որ եթե միջնորդ երկրները նույնիսկ միահամուռ պնդեին, որ ԼՂ-ն պետք է անկախ պետություն կամ Հայաստանի մաս լինի, Ադրբեջանը ծայրահեղ դեպքում «համեստորեն կհամաձայնի», բայց կասի, որ այդ հարցը պետք է դրվի հանրաքվեի, հարկ է սահմանադրություն փոխել։
Օսկանյանը, թերեւս, հենց այդ փորձն է հուշում․ ինչպես քառորդ դար Ադրբեջանն է ֆորմալ համաձայնություն տվել միջնորդների առաջարկություններին, բայց պայմանագիր չի ստորագրել, այնպես էլ թող Փաշինյանը խոստանա, բայց գործնական որոշման չգնա։ Ինչպես ասում են, դա էլ տարբերակ է։ Բայց Ադրբեջանը, ամեն անգամ ձախողելով համաձայնությունը, միաժամանակ հզորացնում էր բանակը, արդիականացնում սպառազինությունները, միջազգային կառույցներում, քարոզչատեղեկատվական հարթակներում ամրապնդում դիրքերը։ Այս իրավիճակում ո՞ւմ եւ ինչի՞ն կարող է ապավինել Հայաստանը։
Երկրորդ հարցն ավելի սկզբունքային է։ Ենթադրենք՝ Հայաստանը կարողանում է Ադրբեջանին եւ Թուրքիային համոզել, որ խաղաղության եւ հարաբերությունների հաստատման պայմանագիրը հակասում է մեր սահմանադրությանը, այս փուլում ոչ մի փաստաթուղթ չի ստորագրում։ Մի պահ նաեւ պատկերացնենք, որ Թուրքիան եւ Ադրբեջանը «մեծահոգություն են ցուցաբերում», եւ ամեն ինչ մնում է, ինչպես կա։ ԼՂ կարգավիճակի հարցում ի՞նչ ակնկալիքներ կարելի է ունենալ, եթե Փաշինյանն էլ իր հերթին ընկալունակ գտնվի, ներում հայցի ու հեռանա, եւ նոր իշխանություն ձեւավորվի։
Համաշխարհային ի՞նչ «ցնցում» է կանխատեսում Վարդան Օսկանյանը, որն Ադրբեջանին, եթե այնտեղ նույնիսկ Ալիեւը իշխանություն չլինի, այլ «ամենաժողովրդավար» մեկը, կստիպի ճանաչել ոչ թե իր երկրի, այլ Հայաստանի սահմանադրությամբ ԼՂ կարգավիճակի լեգիտիմությունը։ Դա իրատեսակա՞ն հեռանկար է։ Իհարկե ո՛չ։ Ակնհայտ է, որ ուկրաինական ճգնաժամի հանգուցալուծումն ամրապնդելու է երկրի տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության սկզբունքի գերակայությունը։
Այս իրավիճակում Հայաստանի միակ իրացնելի հնարավորությունը Ադրբեջանի «սկզբունքներից» միմյանց «քաղաքական ինքնիշխանության ճանաչման» դրույթի պայմանագրային բացառումն է։ Ըստ էության, Ադրբեջանի խարդախամտությունն այդտեղ է՝ Հայաստանը ճանաչի, որ Բաքվի իշխանությունը ներկայացնում է նաեւ ԼՂ հայությանը։
Հայաստանը նման պարտավորություն չունի։ Եվ շատ տրամաբանված, փաստարկված կարող է հիմնավորել, որ ինքը չի կարող թալիշների, լեզգիների, թաթերի, լեռնական հրեաների, ռուսների անունից ճանաչել էթնիկ թուրքերի տիտղոսը Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածքի նկատմամբ։
Դա Ադրբեջանի իշխանության եւ այդ փոքրամասնությունների խնդիրն է։ Մնացածը հնարավոր է կարգավորել, ԼՂ կարգավիճակի հարցում ժամանակ շահել։ Կգնա՞ դրան Ադրբեջանը։ Իսկ, գուցե, Հայաստանի եւ Արցախի շուրջ միջազգային կոնսոլիդացիա ասելիս Նիկոլ Փաշինյանը հենց այս հարցում Ադրբեջանին համոզե՞լը նկատի ունի։ Պետք է հաշվարկել, թե որքանով է հնարավոր նման կոնսոլիդացիան։
Պատմաբան, լրագրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ։ Հայաստանի Գերագույն Խորհրդի (1990-95) Արցախից ընտրված պատգամավոր, 2000-2015 թվականներին Արցախի Ազգային ժողովի երեք գումարումների պատգամավոր։ «Հոգեւոր Հայաստանը եւ արդիականությունը» գրքի հեղինակն է։