Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը «Ֆրանս 5» հեռուստաալիքի եթերում հայտարարել է, որ մտադիր է Ուկրաինայի հարցով շարունակել երկխոսությունը Պուտինի հետ: Նա նշել է, թե վերջին օրերին իրենց երկխոսությունը պակաս ինտենսիվ է դարձել՝ նախընտրական քարոզարշավով պայմանավորված:
«Ես չեմ բացառում շփումները մի քանի պատճառներով. առաջին՝ մենք միշտ պետք է պատրաստ լինենք հաջորդ օրվան, երկրորդ՝ խաղաղությանը։ Խաղաղության անհնար է հասնել ռուսական կողմի հետ երկխոսություն չվարելով»,- ասել է Մակրոնը։
Ֆրանսիայի նախագահը շեշտել է, որ Ռուսաստանի դեմ պատերազմել նշանակում է պատերազմել միջուկային տերության դեմ, ինչը ծանր պատասխանատվություն է: Նա ընդգծել է զգուշավոր լինելու եւ միջազգային իրավունքի շրջանակում գործելու անհրաժեշտությունը:
«Ֆրանս 5»-ի եթերում Մակրոնը հայտարարել է նաեւ, թե Ֆրանսիան ռուսական գազի կարիք չունի, մինչդեռ եվրոպական մյուս երկրները կախված են դրանից: Մակրոնն ընդգծել է, որ Ֆրանսիան այնուհանդերձ մտադիր է պատժամիջոցներ առաջադրել ռուսաստանյան գազի նկատմամբ: Ֆրանսիայի նախագահը շեշտել է, թե կողմ է նաեւ ՌԴ-ից այլ հանածո էներգապաշարների նկատմամբ պատժամիջոցների սահմանմանը:
Էմանուել Մակրոնը նշել է, որ ապրիլի 19-ին Եվրոպայի ղեկավարների եւ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի հետ կքննարկի Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները: