Նիկոլ Փաշինյանը կարող էր կանխել պատերազմը, բայց չէր կարող կանխել 3825 հոգու զոհաբերությունը: Սա պարադոքս չէ, պատերազմը կարող էր չլինել, բայց այդ 3825 զոհը պիտի լինեին: Խոսքի վարպետ վարչապետն առաջին անգամ չի կարողանում հոդաբաշխ ասել, թե ինչ նկատի ունի, երբ ասում է, որ պատերազմը կարելի էր կանխել, բայց արդյունքը լինելու էր նույնը, ուղղակի առանց 3825 զոհի։ Իսկ ի՞նչը չի կարողանում ասել Փաշինյանը։
Նա չի կարողանում ասել, որ իրենից առաջ ոչ մեկն էլ Արցախ չի պահել, համենայնդեպս Քոչարյանն ու Սերժը Արցախը պահելու փոխարեն պահել են իրենց իշխանությունը: Տեր-Պետրոսյանն իշխանություն չպահեց, նրան Արցախի հարցի վրա ինքնահաստատվելու մեղադրանք չկա:
Նիկոլ Փաշինյանը չի կարողանում ասել, որ Ադրբեջանը 30 տարվա ընթացքում երբեք բանակցային որեւէ տարբերակի լուծման կողմ չի արտահայտվել, համենայնդեպս, հրապարակայնորեն: Հետեւաբար Ադրբեջանը երբեք էլ չի ուզել հարցը լուծել բանակցային ճանապարհով:
Նա չի կարողանում ասել, որ երբ 2020-ի սեպտեմբերի 25-ին օնլայն ռեժիմով ՄԱԿ-ի ամբիոնից ասում էր, թե «հուլիսյան մարտերն ի դերեւ հանեցին Ադրբեջանի ռազմական գերազանցության մասին առասպելը», ինքը ժողովրդի առաջնորդ էր, բայց ո՛չ պետության։ Այդ ժամանակ Փաշինյանը իշխանությամբ օժտված շարքային ամբոխավար էր, որը սեփական կռիվ չունի նույնիսկ նախկինների հետ։
Նա չի կարողանում ասել, որ Հայաստանը Արցախի կործանման միակ մեղավորն է վերջին 30 տարվա ընթացքում, որովհետեւ սխալ է հասկացել հաղթանակը, կամ նրան լավ չեն բացատրել:
Նա չի կարողանում ասել, որ «մենք մատաղացու գառ չենք» ասելով նկատի ունի, որ մեր զինվորն ուրիշի մատաղը չէ։ Նա չի կարողանում ասել, որ մեր զինվորը չի մորթվել, այլ սպանվել է այսօրվա՝ 44-օրյա պատերազմում, բայց անմահացել հաջորդ կռիվներում: Նա չի կարողանում ասել, որ այսօրվա զոհաբերությամբ մեր զինվորը հայտարարել է, որ երբեք թույլ չի տա իրեն թույլի տեղ դնել ու կարգավորումներ պարտադրել, թող կռվով դա անեն:
Նա չի կարողանում ասել, որ Հայաստանն ընտրել է ոչ թե պատերազմի ճանապարհը, այլ ինքնազոհաբերման, հանուն այն սերունդների, որոնք կռիվ չպետք է ունենան։
Նա չի կարողանում ասել, որ Ադրբեջանի պատերազմ սկսելու սպառնալիքին ինքը չի հակադրվել, որովհետեւ չի ուզել խաղաղություն մուրալ՝ տարածքները Շուշիով ու Հադրութով հանձնելու գնով: Նա ասել է՝ կկռվեմ, կզոհվեմ, կպարտվեմ, կզիջեմ, բայց հենց այնպես չեմ տա: «Մեր կառավարությունը հրաժարվել է տարածքներ հանձնել Արցախի խաղաղության դիմաց»,- 2020-ի հոկտեմբերի 14-ին հայտարարում է Նիկոլ Փաշինյանը։
Նա չի կարողանում ասել, որ եթե Ադրբեջանը համաձայներ չկռվել, կզիջեր նաեւ առանց կռվի, բայց եթե որոշել է կռվել, ուրեմն տարածքներն իրեն այդքան հեշտ չեն տրվի: «Մենք պատրաստ ենք զոհվելու, ես պատրաստ եմ զոհվելու հանուն մեր հայրենիքի»,- 2020-ի սեպտեմբերի 27-ին ԱԺ ամբիոնից ասում էր Փաշինյանը։ Այդ «ես»-ը ինքը չէր, 3825 հոգին էին։ Նա երբեք չի ասի, որ այդ «ես»-ը ինքը չէր, զոհված կամ անհետ կորած այն 3825 հոգին էին։
Նա չի կարողանում ասել, որ Ղարաբաղի առաջին պատերազմում մեր հաղթանակն այնքան էլ մեր շնորհքը չէ, չի կարողանում ասել, որ Հայաստանի նախագահներից ոչ մեկը չէր կարող ստորագրել բանակցային որեւէ փաստաթուղթ, որովհետեւ ստորագրելը նույնպես ուրիշ տեղից էր հրահանգվելու, ինչպես գրավելն էր երաշխավորվել ուրիշ տեղից։
Նա չի կարողանում ասել, որ այսօր նույնպես իրենից ոչինչ կախված չէ, նա չի կարողանում ասել, որ կար հողերը վերցնելու ժամանակը եւ հողերը հանձնելու ժամանակը, եւ ո՛չ հաղթանակը սրա հետ կապ ունի, ո՛չ էլ պարտությունը։
Նա չի կարողանում ասել՝ ինչու պիտի ես ստորագրեի գրավյալ տարածքների հանձնումը (թեպետ ոչ ոք իմ ստորագրելուն չէր նայում), եթե ինձնից առաջ ոչ ոք չի ստորագրել, նա չի կարողանում ասել, որ «եթե նույնիսկ համաձայն էի ամբողջ Արցախը ոչ թե զիջել, այլ նվիրել Ալիեւին, ոչ ոք դա ինձ թույլ չէր տա ոչ թե ղարաբաղցիների ու հայաստանցիների սիրույն, այլ դա իրենց ծրագրերում չկար, ինչպես չկար այն, որ Ղարաբաղը չպետք է մնա հայերինը»:
Նա չի կարողանում ասել՝ դուք՝ ադրբեջանցիներդ, չեք ուզում կռվով վերցնել, իսկ մենք առանց կռվի չենք կարող տալ, դուք պիտի տեսնեք մեր ոգին, դուք պիտի տեսնեք, որ մենք կոտրվող չենք: Այսինքն՝ Նիկոլն ընտրել է տղաներին զոհաբերելու ճանապարհը, որպեսզի ցույց տա, որ հողեր զիջելը խաղուպար չէ՝ հայի համար շռայլություն է կռվով վերցրածը կռվի վախից տալը:
Իսկ ինչո՞ւ չի կարողանում ասել։ Որովհետեւ ճշմարտությունն ասելու նրա լեզուն հիստերիկ է, նա պիտի բղավի ճշմարտությունը, ոչ թե ասի, ինչպես, իր կարծիքով, հիմարին են ասում կամ իրեն հիմարի տեղ դնողին, որը համառորեն չի ուզում հասկանալ։
Փաշինյանը 3825 հոգու դրեց զոհասեղանին ոչ իբրեւ մատաղացու գառ, այլ հենց իբրեւ զոհ, ինչպես Աբրահամն իր որդուն դրեց, բայց Աստված չընդունեց այդ զոհը։ Այսպիսով՝ Փաշինյանը ճիշտ կլիներ 3825 հոգու զոհաբերելով, եթե մեռնելու այդ գինը վճարելուն պատրաստ լինեին իրենք՝ մեռնողները։
Ինչո՞ւ էր Փաշինյանն իր որդուն առաջարկում գերիների դիմաց։ Որովհետեւ նա պլստացել էր այս զոհաբերությունից, մի օր հայ ժողովուրդը կհասկանար, որ նա զոհաբերությունն է ընտրել, ու դա հասկանալի է, ու դա ողջունելի է, բայց ինչո՞ւ իր որդին չկա նրանց մեջ։
Բայց 3825 հոգու զոհասեղանին ուղարկելուց առաջ Փաշինյանը հայտարարեց սարսափելի մի բան։ Իմանալով, որ զոհաբերությունն անխուսափելի է՝ նա ասաց՝ Արցախը Հայաստան է եւ վերջ: Այս հայտարարությամբ նա իր իշխանությունը մեկուսացրեց Խաչի վրա բարձրանալու առաքելությունից, որովհետեւ երբ հայտարարում էր, որ Արցախը Հայաստան է եւ վերջ, նա երջանիկ էր, նույնիսկ մի փոքր խմած էր, նա հուլիսյան ավանտյուրա էր «հաղթել», որով ինքն իրեն իջեցրել էր Խաչից, որտեղ չէր էլ բարձրացրել։ Եվ միայն օրերս նա հայտարարեց, որ վերցնում է իշխանության Խաչը։ Սա նշանակում է, որ առաջիկայում ավելի սարսափելի հայտարարություններ է անելու, սարսափելի ու անխուսափելի։
Առաջիկա մեկ-երկու ամսվա ընթացքում նա հայտարարելու է, որ Արցախը Ադրբեջան է: Դրա անոնսը երկու օր առաջ կարդաց Վիգեն Խաչատրյանը:
Իսկ ի՞նչը չի կարողանում նա ասել, որի պատճառով վերջին երկու օրերի իր ելույթները շրջվել են նրա դեմ:
Նա հայտարարելու է, որ մենք պատերազմում չենք պարտվել, որովհետեւ կռվել ենք արժանապատվորեն։ Ահա ինչու էր 2020-ի սեպտեմբերի 27-ին ասում, որ եթե նույնիսկ պարտվենք, մենք մեզ պարտված չենք հայտարարի։ Որովհետեւ եթե ընտրում ես արժանապատվությունը, ընտրում ես պարտության սրբացումը, իսկ պարտությունն այդ սրբացվում է արյունով: Առանց արյան դու վտանգում ես արժանապատվությունը, որը կռվով է այդպիսին, առանց կռվի արժանապատվությունը պարսատիկի քար չէ:
Հիշեք, երբ Փաշինյանն ասում է, որ մենք մատաղացու գառ չենք, նկատի ունի ոչ միայն այսօրվա հային, որն, ի տարբերություն մատաղացու գառան, ոտքի պիտի կանգնի, պիտի անձեռնմխելի պահի վիզը, որը մատաղի ժամանակ առաջինն է կտրվում, նա նկատի ունի, որ այդպիսին չէին այն զինվորները, որոնց ի՛նքը զոհաբերեց, կամ զոհաբերեց Հայաստանի Հանրապետությունը:
Փաշինյանը շուտով կասի, որ մենք այլեւս կռիվ չունենք Ադրբեջանի հետ, որովհետեւ մենք արդեն կռվով ապացուցեցինք, որ ծնկած չենք: Ճիշտ է, կորցրինք շատ բան, բայց ցույց տվեցինք, որ կռվի համար ոգի կա: Բայց այսօր կռիվ չունենք: Այսօր ոգի չկա։ Այն, ինչ պետք էր ապացուցել, ապացուցեցինք։
Նա շուտով կասի, որ Ղարաբաղը մնալու է Ադրբեջանի կազմում, եթե նույնիսկ 3 միլիոն հայ իրեն Ագաթա Քրիստիի «Սպանություն Արեւելյան ճեպընթացում» դետեկտիվի դժբախտ հերոսի՝ Էդվարդ Ռետչետի նման դանակի հարված հասցնի իր նստավայրում: Որպես լեգիտիմություն ունեցող մարդ՝ նա դա կարող է ասել նույնիսկ ձեռքը ամբիոնին խփելով: Բայց ասելու է ոչ միայն որովհետեւ խաղաղության դարաշրջան է բացում, այլ որովհետեւ ոգին թողել է ասպարեզը, կռվելու բան իսկապես չկա:
Բայց ինչո՞ւ է Փաշինյանը «սխալվում» ամեն օր, որովհետեւ նա էականը չի ասում, չի ասում, որ ի սկզբանե գիտեր, որ կռիվը Շուշիի համար է: Չի ասում, որովհետեւ հենց այնպես չի տալու, պիտի գան, վերցնեն: Ահա թե ինչպես է նա հակադրվել ռուսներին: Պատերազմի ժամանակ ռուսներն ասում էին, չէ՞, կարող ես Շուշին տալ, պրծնել։ Պատերազմի 44 օրվա ընթացքում Փաշինյանը գրեթե երբեք անկեղծ չի եղել հայ ժողովրդի հետ, նա անկեղծ է եղել միայն իր հետ։
Հիմա Փաշինյանն այն վիճակում է, որի մասին ավելի լավ ասել է Լեւոն Տեր-Պետրոսյանը՝ տղա՞ եք, գնացեք պահեք կամ հետ վերցրեք: Ու նա սա էլ է ասելու: Որովհետեւ Հայաստանը ոգի չունի կռվի համար, նրան մնացել է միայն արարման ոգին։ Սա չի կարողանում Փաշինյանը հասկանալի դարձնել հայ ժողովրդին, որովհետեւ իր դեմքով արարումը հասկանալի չէ, նրա դեմքով հասկանալի է քանդումը, ու պարտադիր չէ, որ այդ քանդումն ընկալվի բացասական իմաստով։
Այսպիսով՝ ի՞նչ էր անում Նիկոլ Փաշինյանն այս օրերին Հայաստանի խորհրդարանի ամբիոնից. նա քանդում էր բոլոր առասպելները, որոնք ժառանգել էր կամ անձամբ հյուսել։ Նա վերջապես ապագային նայում է Հայաստանի պետականության մարտահրավերներով, ինչպես Պապ թագավորն էր նայում, որին ինքը հաճախ է վկայակոչում։ Նա ավելի շուտ Մովսեսն է, որը տեսնում է վաղվա Հայաստանը, բայց որտեղ մուտք չունի հենց որպես Մովսես։ Փաշինյանը եկել է ազգային ազատագրական տաբուները ջարդելու, բայց նոր մետանարատիվներ սահմանելու առաքելությունն իրենը չէ։
Ժամանակի ընթացքում հասկանում ես, որ Աստված քեզ ստեղծել է այնպիսին, որ ինքը լինի: Ճիշտ այդպես նա ստեղծել է փողոցային շանը: Երբ դու կերակրում ես նրան, Աստված կա, երբ չես կերակրում, չկա, հասկանում ես, որ մարմինն արդեն իսկ հնարավորություն է, երկրորդ այդպիսի հնարավորություն չի լինելու: