ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը երկօրյա պաշտոնական այցով Ռուսաստանի Դաշնությունում է: Մոսկվայի «Վնուկովո 2» օդանավակայանում նրան դիմավորել է ՌԴ արտգործնախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողներին հայտնել է, որ Փաշինյանի՝ ՌԴ այցի ընթացքում երկկողմ փաստաթղթերի փաթեթ կստորագրվի։ Պեսկովը նշել է, որ Փաշինյանը հանդիպելու է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
«Նիկոլ Փաշինյանի համար ծրագրված են շատ ինտենսիվ շփումներ Ռուսաստանի կառավարության անդամների հետ։ Այնտեղ փաստաթղթերի մի ամբողջ փաթեթ կստորագրվի»,- նշել է Պեսկովը:
Ըստ ՀՀ կառավարության մամուլի ծառայության՝ Պուտինն ու Փաշինյանը կքննարկեն հայ-ռուսական ռազմավարական եւ դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացմանը վերաբերող օրակարգային հարցեր: Անդրադարձ կարվի Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների՝ 2020-ի նոյեմբերի 9-ի, 2021-ի հունվարի 11-ի եւ նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքին:
Փաշինյանն ապրիլի 20-ին հանդիպում կունենա նաեւ ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի, Ռուսաստանի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի, ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ: Նախատեսված է նրա այցը Նիժնի Նովգորոդ: