Այս տարվանից դիմորդները բուհ կարող են ընդունվել միայն երկու քննությամբ՝ նախկին մեկ կամ երեք քննության փոխարեն:
Գնահատման եւ թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանը բուհերի ընդունելության միասնական եւ ներբուհական քննությունների հայտագրման եւ քննությունների կազմակերպման գործընթացի թեմայով ասուլիսի ընթացքում հայտնել է, որ կենտրոնացված քննություններից հրաժարվելուց բացի հրաժարվել են նաեւ հայոց լեզվի եւ օտար լեզուների բանավոր քննություններից։
«Բանավոր քննություններ այլեւս չեն լինելու։ Հրաժարվել ենք նաեւ լրագրություն մասնագիտության ստեղծագործական աշխատանք եւ բանավոր խոսքի հմտություններ առարկաների քննություններից»,- ընդգծել է ԳԹԿ պաշտոնյան։
ԿԳՄՍ նախարարության բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետի պաշտոնակատար Լուսինե Գրիգորյանն էլ հայտնել է, որ 2022-ի դեկտեմբերից դիմորդներին միասնական քննություններ հանձնելու երկրորդ հնարավորություն է տրվելու։
Երկրորդ անգամ քննություն կարող են հանձնել նաեւ այն դիմորդները, որոնք թեեւ ստացել են բավարար միավոր բուհ ընդունվելու համար, սակայն ցանկանում են իրենց ուժերը կրկին փորձել՝ առավել բարձր միավորներ հավաքելու համար։
Միասնական եւ ներբուհական քննություններին մասնակցելու համար դիմորդները մինչեւ մայիսի 10-ը պետք է dimord.am կայքում առցանց եղանակով լրացնեն ընդունելության դիմում-հայտ: Օտարերկրյա ուսումնական հաստատությունների շրջանավարտները եւ այս տարվա զորացրվածները կարող են հայտագրվել ավելի ուշ` հունիսի 26-ից մինչեւ հուլիսի 1-ը: