ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Նովո-Օգարեւո նստավայրում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հարցով խնդիրներ շատ են մնացել։ ՌԴ նախագահն ընդգծել է, որ ուշադրության կենտրոնում կլինեն անվտանգության հարցերը, դրանց թվում՝ Ղարաբաղին առնչվող։ «Ես եւ Դուք անընդհատ կապի մեջ ենք, եթե ոչ ամեն շաբաթ, ապա ամեն 10 օրը մեկ հաստատ հեռախոսազրույց ենք ունենում։ Եվ պարբերաբար հանդիպումներ ենք ունենում, չնայած որ համավարակի շրջան է»,- ասել է Պուտինը։
ՌԴ նախագահը նշել է, որ Հայաստանի եւ ՌԴ-ի միջեւ կնքվել է ավելի քան 200 համաձայնագիր, ինչը լավ հնարավորություն է ստեղծում աշխատելու գրեթե բոլոր ոլորտներում, որից ամենանշանակալին տնտեսական ոլորտն է։ «2021 թվականի մեր տվյալներով ապրանքաշրջանառության աճը եղել է 80 տոկոս։ Այս տարվա առաջին ամիսներին եւս 50 տոկոսով ավելացել է։ Դա շատ լավ ցուցանիշ է այս ժամանակաշրջանում»,- եզրափակել է Պուտինը։
Պուտինն ասել է, որ Փաշինյանի այցը նվիրված է 2 երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակին:
Փաշինյանը Պուտինի հետ հանդիպմանը նշել է, որ ռուս խաղաղապահների գործունեությունը ԼՂ-ում պետք է ավելի արդյունավետ դարձնել։ Նա շեշտել է՝ գաղտնիք չէ, որ Ռուսաստանը առանցքային դեր ունի մեր տարածաշրջանում կայունության ու անվտանգության ապահովման հարցում։ Փաշինյանը հատուկ ընդգծել է նաեւ ՌԴ նախագահի եզակի դերակատարությունը 2020-ին ԼՂ-ում կրակի դադարեցման հարցում։
ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հանդիպման մեկնարկից առաջ լրագրողներին ասել է, թե Ռուսաստանի նախագահի համար այսօրվա գլխավոր իրադարձությունը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցն է։