Հայաստանում Անվասայլակով բասկետբոլի առաջին թիմը ձեւավորվել է 1990-ականների սկզբին, իսկ 2019 թվականին ստեղծվել է Հայաստանի՝ Անվասայլակով բասկետբոլի ֆեդերացիան:
Օրերս ֆեդերացիայի թիմը կմասնակցի Անվասայլակներով բասկետբոլի Եվրոպայի գավաթի առաջնությանը, որը կկայանա Ֆրանսիայում:
Մասնակցության հայտը լրացված էր դեռ երկու տարի առաջ, սակայն համավարակը խախտեց բոլոր ծրագրերը:
Հայկական թիմին մարզել է Իրանի՝ Անվասայլակով բասկետբոլի հավաքականի մարզիչը՝ Աբբաս Խակին: Մեր մարզիկները մարտական են տրամադրված, ցանկանում են վերադառնալ միայն հաղթանակով:
«Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում թիմի անդամները պատմում են՝ ինչպիսի ճանապարհ են անցել, ինչ դժվարություններ ունեն մինչ օրս, եւ որոնք են առաջիկա կարեւոր ծրագրերը:
Ֆեդերացիայի նախագահ Սեւակ Մխիթարյանն ասում է, որ դեռ 2019 թվականին՝ հիմանդրումից կարճ ժամանակ անց, Հայաստանում մեկնարկեցին միջազգային մրցաշարեր: Ֆեդերացիան ստեղծման պահին ուներ միայն մեկ ակումբ մայրաքաղաքում, բայց այսօր ակումբներ կան Վանաձորում, Գյումրիում, երկուսը՝ Երեւանում: Գործում է նաեւ «Անվասայլակներով բասկետբոլի մանկապատանեկան ակումբը»:
«Հուսանք, որ մեր թիմին կմիանան նաեւ վերջին պատերազմի մասնակից հաշմանդամները: Սպորտով զբաղվելը առողջություն է, կարեւոր վերականգնողական փուլ, օգնում է կարգավորելու ֆիզիկական վիճակը, նաեւ հոգեբանական մեծ խթան է հասարակության մեջ ներգրավվելու համար: Այն հնարավորություն է տալիս նոր մարդկանց հետ շփվելու, ընկերներ ձեռք բերելու»,- ասում է Սեւակը:
Ֆեդերացիան մարզադահլիճին առնչվող խնդիրներ ունի: Բոլոր մարզադահլիճները վճարովի են: 2018 թվականից «Միկա» մարզահամալիրն է տրամադրում որոշակի ժամեր պարապմունքների համար, սակայն պարզ չէ, թե դա դեռ որքան կշարունակվի:
Իսկ ապագա ծրագրերից ամենակարեւորը անվասայլակներով բասկետբոլ մարզաձեւի մարզիչների վերապատրաստումն է: Այս պահին նման մասնագետներ Հայաստանում չկան: Համագործակցելով Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի հետ՝ կկարողանան լուծել այդ խնդիրը:
Ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Հովհաննես Խզմալյանին առաջին անգամ ընկերները ստիպողաբար են տարել բասկետբոլի պարապմունքների։ Հովհաննեսն այժմ իրեն չի պատկերացնում առանց մարզումների ու մարզական ընկերների. «Ես՝ որպես հաշմանդամություն ունեցող մարդ, տեղեկություն չունեի, որ այսքան մարզաձեւեր կան նման մարդկանց համար, ու դրանց շնորհիվ հնարավոր է մեծ հաջողությունների հասնել: Մենք միջազգային մրցաշարերն անցկացնում ենք հանրային վայրերում, որպեսզի մարդիկ տեսնեն, իրազեկվեն, հասկանան՝ անվասայլակը չի խանգարում սպորտին: Ռուզվելտը նույնպես անվասայլակով էր, բայց աշխարհ էր կառավարում»:
Հովհաննեսը հասկանում է հաշմանդամություն ունեցող այն մարդկանց, որոնք խուսափում են որեւէ մարզաձեւով զբաղվելուց: Ինքն էլ նման վիճակում հայտնվելուց հետո մեծ դժվարությամբ է դուրս եկել տնից, ինտեգրվել հասարակությանը: «Երբ մարդ հաշմանդամություն է ձեռք բերում, հոգեբանական ծանր կացության մեջ է հայտնվում, լրիվ այլ աշխարհ է ընկնում: Երբ մնում ես տանը, դուրս գալն արդեն շատ դժվար է լինում: Եթե ընկերներս չհամոզեին, ես երբեք չէի մտածի, որ կարելի է այդ մարզաձեւով զբաղվել»,- հիշում է նա:
Թիմի անդամներից Հրաչը պատմում է, որ սկզբում մտավախություններ ուներ, կարծում էր՝ հնարավոր է վնասվել պարապմունքների ժամանակ, բայց հիմա մի քանի օր չմարզվելու դեպքում արդեն իրեն աշխարհից կտրված է զգում:
Թե՛ Հրաչը, թե՛ թիմի անդամ Սողոմոնը կարծում են, որ հաշմանդամություն ունեցող բոլոր մարդկանց համար կարեւոր է որեւէ մարզաձեւով զբաղվելը: Սպորտն օգնում է թե՛ առողջության վերականգնման, թե՛ կյանքի որակի բարելավման հարցում:
Ցավոք, մեր երկրում հաշմանդամություն ունեցող մարդիկ հիմնականում դուրս են մնում ակտիվ կյանքից: Թիմի անդամներից գրեթե բոլորը նշեցին, որ ամենից կարեւորը հասարակության իրազեկվածությունն է:
Հուսանք, որ Ֆրանսիայում կայանալիք առաջնությունում Հայաստանի մասնակցությունը կոգեշնչի հատուկ կարիքներ ունեցող անձանց զբաղվելու իրենց սիրելի մարզաձեւով՝ չնայած ճակատագրի նետած մարտահրավերներին: