Ֆինլանդիայի խորհրդարանը՝ Էդուսկունտան, ապրիլի 20-ին ձեռնամուխ կլինի երկրի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության հարցի քննարկմանը:
Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցության գործընթացը նախաձեռնելու համար անհրաժեշտ է, որ կողմ քվեարկի 200-տեղանոց խորհրդարանի անդամների ճնշող մեծամասնությունը: Ֆիննական լրատվամիջոցների տվյալներով՝ ներկայում շուրջ 100 անդամ հակված է կողմ քվեարկելու ՆԱՏՕ-ին անդամակցությանը, 12 խորհրդարանականներ միանշանանակ դեմ են հանդես գալիս:
Մնացածները սպասում են քննարկումների սկսվելուն, որպեսզի որոշակի դառնա դիրքորոշումը: Ապրիլին ավելի վաղ Ֆինլանդիայի վարչապետ Սաննա Մարինը հայտարարել էր, որ իր երկիրն առաջիկա շաբաթներին որոշում կընդունի այն մասին, թե հարկ է արդյոք, որ իր երկիրն անդամակցի ՆԱՏՕ-ին:
Ավելի վաղ բրիտանական The Times պարբերականը, վկայակոչելով ԱՄՆ պաշտոնատար անձանց, հաղորդել էր, որ Ֆինլանդիան եւ Շվեդիան քննարկում են արդեն այս ամռանը ՆԱՏՕ-ի անդամակցելու հնարավորությունը: Նրանց տվյալներով՝ երկու երկրների համար անդամակցությունը ՆԱՏՕ-ին դաշինքի արտգործնախարարների միջեւ բանակցությունների ժամանակ եղել է զրույցների եւ բազմաթիվ նստաշրջանների հիմնական թեման:
ՆԱՏՕ-ին անդամակցելու օգտին տրամադրությունների աճ է նկատվում
Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից ի վեր Ֆինլանդիայում ակտիվորեն քննարկվում է ՆԱՏՕ-ին երկրի անդամակցության հնարավորությունը: Եթե ավելի վաղ ֆինների մեծ մասը դեմ էր Հյուսիսատլանտյան ռազմական դաշինքին անդամակցությանը, հասարակական կարծիքի վերջին հարցումներն արդեն վկայում են ՆԱՏՕ-ի օգտին տրամադրությունների աճի մասին:
Այսպես, ըստ վերջին հարցումների, ՆԱՏՕ-ին անդամակցության օգտին արտահայտվել է հարցման մասնակիցների 62%-ը, դեմ է եղել 16%-ը, մնացած 22%-ը դժվարացել է պատասխանել: Անդամակցության հնարավորության մասին խոսում են նաեւ երկրի առանձին առաջադեմ քաղաքական գործիչներ:
Ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Դաշինքի գործունեության վերաբերյալ ամենամյա զեկույցում հայտարարել էր, որ եթե Ֆինլանդիան որոշի դաշինքին միանալու հայտ ներկայացնել, արագացված կարգով անդամակցություն կստանա: