Մի քանի ամիս է՝ Վայոց ձորի մարզկենտրոն Եղեգնաձորում հիմնադրվել է ռոբոտաշինության առաջին դպրոց-խմբակը՝ «Տեխնոտուն» անունով։ Նպատակը վայոցձորցի երեխաների տեխնիկական մտածողության զարգացումն է եւ ինժեներական գաղափարներին նրանց ծանոթացնելը։
Վերջին տարիներին Հայաստանի տարբեր մարզերում ստեղծվել են ավիամոդելային դպրոցներ, սակայն Վայոց ձորը դուրս է մնացել։ Որոշ դպրոցներում գործում են «Արմաթ» լաբորատորիաներ` ավելի բարձր տարիքի դպրոցականների համար է: Բացի այդ՝ դասարաններում աշակերտները շատ են, եւ անհատական մոտեցման խնդիր է առաջանում: «Տեխնոտանը» փորձում են նաեւ այդ խնդիրը լուծել:
Դպրոց-խմբակի հիմնադիր Հայկուհի Հարությունյանն «Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում ընդգծեց հենց Վայոց ձորում ՏՏ ոլորտի զարգացման, ռոբոտաշինության ոլորտի կարեւորությունը:
«Նման դպրոցները կենտրոնացած են ավելի խոշոր մարզերում, ու Վայոց ձորը ցանկացած պարագայում, կարծես, դուրս է մնում։ Բացի այդ՝ ներկայիս անվտանգային խնդիրներն էլ ավելի են անհրաժեշտ դարձնում նման գիտելիքների փոխանցումը հենց մանկության տարիներից։ Այս ժամանակաշրջանը գիտելիքի ու տեխնոլոգիայի ժամանակաշրջան է, եւ ուղղակի ասել, թե այլ մարզում կլինեն դպրոցներ, ու Վայոց ձորին էլ կաջակցեն, իրատեսական չէ»:
Երեխաներից ավելի ոգեւորված են ծնողները: Մարզում նման դպրոց չի եղել, թեեւ շատ երեխաներ «քանդել-հավաքելու» մեծ սեր են ունեցել: Այժմ այդ ներուժը կարող են գործնականում զարգացնել: Եղեգնաձորցի 7-ամյա Նարեկի մայրը՝ Անահիտ Զաքարյանը, նշում է, որ մինչ այս երեխայի տեխնիկական մտածողությունը ամրապնդելու հարթակ չի եղել. «Մարզում նման ծրագրեր չեն իրականացվում: Սա հնարավորություն է, որ երեխաներն իրենց նոր ոլորտում փորձեն: Ողջունելի կլինի, որ ավելի լուրջ վերաբերվեն այդ հարցին, ու ներդրումներ լինեն թե՛ պետական, թե՛ մասնավոր հատվածներից»:
8-ամյա Սամվելն էլ ռոբոտաշինության դասերին հաճախում է Արփի գյուղից: Քանի որ դասերն անցկացվում են շաբաթ-կիրակի, ծնողները երեխային սեփական մեքենայով են Եղեգնաձոր բերում, քանի որ այդ օրերին երթուղայինները չեն աշխատում: Դա որոշ դժվարություն է առաջացնում, բայց Սամվելի մայրը՝ Հեղինեն, ասում է՝ հաղթահարելի է, քանի որ երեխան սիրով է հաճախում դասերին: Եթե խումբը հնարավոր լինի մեծացնել, եւ նույն գյուղից շատ երեխաներ հաճախեն ռոբոտաշինության դպրոց, տրանսպորտային միջոցի խնդիրն ավելի հեշտությամբ հնարավոր կլինի լուծել:
Եթե մարզկենտրոնում ապրողները դժգոհում են, որ Եղեգնաձորում չկար հենց ռոբոտաշինության կամ այդ ոլորտին առնչվող որեւէ դասընթացի հնարավորություն, ապա գյուղերում խնդիրն ավելի սրված է: Քարագլուխ գյուղից 9-ամյա Ալբերտը, որ «Տեխնոտանն» անվճար է սովորում, ընտանիքի հետ այս ընթացքում Եղեգնաձոր է տեղափոխվում: Մայրը՝ Երազիկը, նշում է, որ մարզկենտրոն տեղափոխվելու որոշումը երկու հիմնական պատճառ ունի. «Նախ՝ գյուղում աշխատանք չկա, երկրորդ՝ երեխաները արտադպրոցական կրթության հնարավորություն չունեն: Չկա որեւէ խմբակ, դասընթաց, որ կարող են հաճախել»:
Ռոբոտաշինության ուսուցիչը մարզի Գետափ գյուղից 20-ամյա Լեւոն Խաչատրյանն է, որ սովորել է «Արմաթում» եւ «Թումոյում»: «Տեխնոտան» ուսուցչի աշխատանքը համատեղում է «Արմաթում» խմբակավարի աշխատանքի ու ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղում կրթության հետ:
Երիտասարդ ծրագրավորողն ասում է՝ մարզի պատանիները ՏՏ ոլորտում առաջընթաց ապահովելու մեծ ներուժ ունեն, բայց հնարավորություններ չկան:
Լեւոնը խնդրահարույց է համարում, որ խմբակում մեծ մասամբ տղաներ են. «Աղջիկների պակասն ավելի շատ մենթալիտետով է պայմանավորված։ Չհիմնավորված կարծիք կա, որ տղաներն ավելի ուժեղ են տեխնիկական մտածողությունից, տեխնիկա ստեղծելուց, բայց իմ փորձն այլ բան է ցույց տվել։ Ներգրավվածությունը մեծացնելու համար աղջիկներին առաջարկում ենք անվճար դասեր, ընկերուհիներին ենք հրավիրում: Կարծում եմ՝ հետեւողական աշխատանքի ընթացքում այս խնդիրն էլ լուծում կստանա»:
Եղեգնաձորցի 7-ամյա Լյուսին խմբի «կարծրատիպ կոտրողն է»: Միակ աղջիկն է, որ միացել է ռոբոտաշինության դպրոցին եւ արագորեն հաջողություններ է գրանցում:
«Տեխնոտան» աշխատակիցներն ու սովորողների ծնողները վստահ են՝ եթե պետական ու մասնավոր աջակցություն լինի, մի օր երեխաների պատրաստած անօդաչու թռչող սարքերն այդ ոլորտում «սարեր շուռ կտան» ու Վայոց ձորը ստվերից դուրս կհանեն:
Լրագրությունը որպես մասնագիտություն ընտրելիս հավատացած էի` այն կարող է աշխարհը փոխել: Հիմա մտածում եմ` գուցե աշխարհը փոխել չստացվի, բայց որոշ դեպքերում իրավիճակ փոխել հնարավոր է: