Ըստ էության Փաշինյանն իր գլխավոր առաքելությունը կատարել է՝ նա Ադրբեջանից պատերազմ է խնդրել եւ ստացել է այդ պատերազմը։ Նա նույնիսկ կոդեր է ուղարկել Ադրբեջանին, որոնք պատերազմը սկսելու բանալիներն են։ Դիցուք, «Արցախը Հայաստան է եւ վերջ»։
Մինչեւ հիմա մեզ թվում է, թե Փաշինյանը սրանով սադրել է Ադրբեջանին։ Դա այդպես չէ։ Նա չի սադրել, նա ասել է անհրաժեշտը, որով Ադրբեջանը հարձակման «отмазка» պիտի ունենար։ Դրանից հետո Փաշինյանը գնացել է հայ ժողովրդի զգոնությունը բթացնելու ճանապարհով։ Նա նախաձեռնել է հուլիսյան ավանտյուրան, որտեղ, եթե հիշում եք, Ադրբեջանը փոքրիկ պարտություն կրեց, իսկ Հայաստանում ծնվեց մեկ կենդանի հերոս, որի տեղն այսօր ոչ ոք չգիտի։ Այս ավանտյուրան նույնպես կոդային էր, դրանով մենք պետք է գրգռեինք Ադրբեջանի հարձակողական ախորժակը։
Փաշինյանն արկածախնդիր չէ, պետք է թողնել այս միտքը, նա մի մարդ է, որը չի ուզում հող զիջել, բայց նաեւ գիտի, որ տարբերակ չունի, գիտի, որ կռվել չի կարող։ Եթե, այնուամենայնիվ, ճիշտ է, որ ինքը կարող էր կանխել պատերազմը, ճիշտ է նաեւ, որ ինքը հենց պատերազմ է ուզել, որովհետեւ, ըստ իրեն, Հայաստանի նախկին ղեկավարներից ոչ մեկն իրենից լավը չէ, որ չի զիջել։
Փաշինյանը գիտեր, տեղյակ էր, որ Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի, գիտեր, որ այդ կռվի տակից ինքը դուրս եկողը չէ։ Նրան պատերազմից բավականին առաջ են զգուշացրել այն մասին, որ Ալիեւն այդ տարվա ընթացքում հարձակվելու է, Թուրքիան էլ նրա հետ է լինելու։ Եվ աշխարհը չի դատապարտելու այդ պատերազմը։ Ռուսաստանն էլ մատը մատին չի խփելու, որ չկորցնեք այն, ինչ ունեիք։ Գիտեր։ Հետեւաբար պետք էր շատ արագ քննել կանխելու օգուտները եւ չկանխելու օգուտները։ Եվ Փաշինյանն իր ընտրությունը կատարեց չկանխելու օգտին։
Բայց ընդունենք, թե Ալիեւը պատրաստ էր երկխոսության եւ պատրաստ էր առանց պատերազմի «գրկաբաց» ընդունելու գրավյալ տարածքների վերադարձը։ Փաշինյանը ժողովրդական ալիքի վրա է եկել իշխանության, ու նրա համար շատ կարեւոր է, որ իր հանդեպ ժողովրդական սերը չվտանգվի։ Դրա համար անհրաժեշտ է, որ նա ժողովրդին չներքաշի այնպիսի մի քաղաքական խիզախության մեջ, ինչպիսին 30-ամյա հերոսականության կնիքը վրան ունեցած «ազատագրված տարածքների» վերադարձն է։
Ժողովուրդն, ըստ նրա, կասի իրեն, որ փաստորեն դրա համա՞ր էր քեզ պետք իշխանությունը։ Նա անվարսադաթյան կամ իցհակռաբինյան խաղաղասիրությանը չդիմացավ, որովհետեւ գիտեր, որ այդ երկուսն էլ իրենց խաղաղասիրության համար վճարել են կյանքով։ Դրա համար նրան պետք էր ժողովրդին ներքաշել ռազմական խիզախության մեջ, այսինքն՝ ավելի մեծ ավանտյուրայի մեջ, ինչպիսին 44-օրյա պատերազմն է։
Նա, մի առիթով ասել ենք, իրականությանը նայում է պատմության դասագրքերի միջով՝ ի՞նչ են գրելու իր մասին։ Նա չունի պատմության փիլիսոփայի զգացում, որն ազգություն չունի։ Նա ապագայի մի սովորական դպրոցական աշակերտ է, որը, կարդալով, թե ինչպես են հողերը տվել առանց կռվի, անիծելու է ինքն իրեն, անիծելու է բոլոր նրանց, որոնք չեն բռնել հողեր տվողի ձեռքը։ Նա պատերազմով կտրել է ապագայի անեծքը։
Թվում է՝ մեծագույն հրաշք է փաստը, որ նա այսքանից հետո պահպանել է իշխանությունը։ Այստեղ ոչ մի հրաշք չկա։ Հենց ավանտյուրան է պահպանել նրա իշխանությունը, որովհետեւ առանց ավանտյուրայի չէր պահպանվի։ Եվ այս մասին մի քանի օր առաջ ինքն անուղղակիորեն խոստովանեց խորհրդարանի ամբիոնից։ Միակ բանը, որը նա չի ասում, այն է, որ ինքը պատերազմը խնդրել է Ալիեւից։ Եվ ահա ինչու ես չեմ հավատում, որ նա առաջիկայում կկորցնի իշխանությունը։ Ռուսաստանը կհոգա այդ մասին։
Ժամանակի ընթացքում հասկանում ես, որ Աստված քեզ ստեղծել է այնպիսին, որ ինքը լինի: Ճիշտ այդպես նա ստեղծել է փողոցային շանը: Երբ դու կերակրում ես նրան, Աստված կա, երբ չես կերակրում, չկա, հասկանում ես, որ մարմինն արդեն իսկ հնարավորություն է, երկրորդ այդպիսի հնարավորություն չի լինելու: