Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբուլ Ղեյտն արձագանքել է ապրիլի 17-ին Իրաքյան Քրդստանի դեմ Թուրքիայի զինված ուժերի սկսած ռազմական գործողությանը։
Դատապարտելով Թուրքիայի հյուսիսիրաքյան հարձակումը` Ղեյտը նշել է, որ դա ինչպես Իրաքի ինքնիշխանության, այնպես էլ միջազգային իրավունքի ոտնահարում է:
Իրաքի ԱԳՆ-ն եւս հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ կոչ է անում Թուրքիային դուրս բերելու իր զինված ուժերն իրաքյան տարածքներից եւ հարգելու Իրաքի ինքնիշխանությունը։
Իրաքում Թուրքիայի դեսպան Ալի Ռիզա Գյունեյը կանչվել է Իրաքի ԱԳՆ, որտեղ էլ նրան է հանձնվել դիվանագիտական խիստ ձեւակերպումներով նոտան, որում Անկարայից պահանջվել է վերջ դնել սադրիչ գործողություններին ու Իրաքի տարածքային ամբողջականության անընդունելի խախտումներին:
Ըստ Բաղդադի՝ Թուրքիայի գործողություններն Իրաքում իրենց հետ նախապես համաձայնեցված չեն եղել: Թուրք դեսպանին հայտնել են, որ նման իրավիճակում Իրաքն ունի բոլոր իրավունքները՝ ձեռնարկելու համապատասխան միջոցներ:
Ավելի վաղ նման հայտարարություն էր տարածել Իրաքի նախագահ Բերհեմ Սալիհը։ Նա թուրքական զինուժի ռազմական գործողությունն անվանել էր Իրաքի ազգային անվտանգությանն ուղղված սպառնալիք։
Ըստ Թուրքիայի պաշտպանության նախարարության տարածած հայտարարության՝ «Մագիլ-կողպեք» անվանումով ռազմական օպերացիան ընդգրկում է Իրաքի Մեթինա, Զափ եւ Ավաշին-Բասյան շրջանները:
Թուրք ռազմական փորձագետ Աբդուլլահ Ագարը պարզաբանել է, որ Հյուսիսային Իրաքում Թուրքիայի ռազմական գործողությունը բխում է 375 կիլոմետր երկարությամբ եւ 40 կիլոմետր խորությամբ սահմանային գոտին Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) զինյալներից ամբողջությամբ մաքրելու անհրաժեշտությունից։