Ճապոնիայի ֆինանսների նախարարության տվյալներով Ռուսաստանի եւ Ճապոնիայի միջեւ ապրանքաշրջանառությունը 2021 ֆինանսական տարում, որն ավարտվել է 2022-ի մարտի 31-ին, զգալիորեն ավելացել է մեկ տարի առաջվա ցուցանիշի համեմատությամբ: Մասնավորապես, ճապոնական ապրանքների արտահանումը ՌԴ ավելացել է 37,4%-ով, իսկ Ռուսաստանից ներմուծումն աճել է 68,5%-ով:
Այսպես՝ Ճապոնիայից Ռուսաստան արտահանման ծավալը 2021-ի ապրիլից մինչեւ 2022-ի մարտը ներառյալ կազմել է 872,69 միլիարդ իեն (6,75 միլիարդ դոլար), ներմուծման ծավալը՝ 1,83 տրիլիոն իեն (14,15 միլիարդ դոլար): 2021 ֆինանսական տարում Ռուսաստանից ներմուծված ապրանքների թվում արձանագրվել է հանքային վառելանյութի (86,2%-ով), հումքի (78,9%-ով), պարենամթերքի (59,7 %-ով) ծավալների առավել մեծ աճ:
Բացի դրանից՝ անցած ֆինանսական տարում զգալիորեն աճել է տարբեր մեքենայական սարքավորումների ներմուծման ծավալը: 2021 ֆինանսական տարում արտահանման աճ է նկատվել քիմիկատների (աճը 29,2%-ով), ընդհանուր նշանակության մեքենայական սարքավորումների (աճը՝ 48%-ով) եւ տրանսպորտային սարքավորումների՝ ներառյալ ավտոմեքենաների եւ պահեստամասերի (աճը՝ 41,3%-ով) ոլորտներում: Դրա հետ մեկտեղ անցած ֆինանսական տարում Ճապոնիայից Ռուսաստան պարենամթերքի արտահանումն ընկել է 33,3%-ով: