Նկարիչ եւ քանդակագործ Տիգրան Մաշինյանը բանաստեղծությունների ժողովածուի համար վերջերս արած իր գծանկարներից մեկն է ներկայացնում եւ պատմում, որ նկարելու հազվադեպ առիթ է ունեցել, ինչից ոգեւորվել, նորից ձեռքն է առել թուղթն ու մատիտը։
Տիգրան Մաշինյանը նկարիչ, գրաֆիկ Ադամ Մաշինյանի եղբորորդին է։ Սովորել է Երեւանի մանկավարժական ինստիտուտում, նկարել սկսել է վաղ մանկությունից։ Իսկ 1978-ին բանակ գնալու փոխարեն ընտրել է գյուղական ուսուցչի աշխատանքը, վերադարձել ծննդավայր Շամլուղ, աշխատանքի անցել Շնողի արվեստի դպրոցում։
«Երջանիկ հովերով տարված էի, բայց հետո սոցիալական վիճակը, կյանքը․․․ հերս մահացավ, կյանքն ինձ սեղմեց, հասցրեց, բերեց էն տեղը, որ ես պետք է արդեն հույսս ինձ վրա դնեմ։ Մոսկվայում էի, պրակտիկայի էին ուղարկել, հեռագիր ստացա, կիսատ թողեցի, հետ եկա։ Շատ-շատ բան է մեջս կոտրվել, ես մտքերով ուրիշ էի, արածս լրիվ ուրիշ էր գնում։ Հիասթափվեցի, էն մտքերը, որ մտածել էի՝ կանեմ, տեսա, որ չի լինում»,- ափսոսանքով ասում է Տիգրան Մաշինյանը։
Ստեղծագործական առաջընթացի համար, ըստ նկարչի, միայն ազատ ժամանակը, աշխատասիրությունն ու ձգտումը բավական չեն։ Տաղանդ է հարկավոր, ասում է Տիգրան Մաշինյանը՝ համեստորեն դասելով իրեն այն մարդկանց շարքը, որոնք պարզապես նկարել, այլ ոչ թե արժեք են ստեղծել։
«Մեր ինստիտուտը տարվա մեջ ինձ նման 60 շրջանավարտ էր ունենում։ Բոլորս որ դառնայինք Լեոնարդո, Պիկասո, ո՞ւր կհասներ։ Միջակությունը շատ սարսափելի բան ա, ես միջակ եմ բոլորի հետ միասին։ Էսօր Մինասին բոլորը հիշում են, ճանաչում են, Մարտիրոս Սարյանին ճանաչում են, բայց ինձ նմանին, էն մյուսին, իմ ընկերներին ո՞վ ա ճանաչում։ Որովհետեւ մենք միջակ ենք, շատ ենք փոքր, առաջ չգնացինք։ Մինասը տաղանդավոր մարդ էր, հազվագյուտ, ոնց որ Թումանյանը։ Ես նայում եմ Դսեղի էն ձորը, ասում եմ՝ ի՞նչ ա գրել որ։ Ինչ տեսել ա, էն էլ գրել ա՝ Լոռու ձորն ա, ժայռերը խորունկ, դեմուդեմ կանգնած՝ համառ ու անթարթ․․․ ինչ տեսել ա, գրել ա, չէ՞։ Բայց ես էլ էի տեսել, բա ինչի չգրեցի։ Նշանակում ա՝ հազվագյուտ մարդիկ են, էլի, նրանք։
Տիգրան Մաշինյանը գուցե հազվագյուտների մեջ չէ, ինչպես ինքն է պնդում, բայց բազմաշնորհ է եւ ինքնատիպ։ Այս մասին արդեն այն միջավայրն է պատմում, որտեղ նա ապրում է կնոջ հետ։
Առաջին հայացքից անպիտան թվացող շատ իրեր են նրա ձեռքում փոխակերպվել ու տան հարդարանքի անբաժանելի, աչքին հաճելի մաս դարձել։ Իսկ նրա նկարները կան գրեթե բոլոր անկյուններում։
Մաշինյանի գործերը հիացնում, բայց չեն զարմացնում․ նկարիչ է։ Զարմանալին նրա հաշվապահ կնոջ՝ Լարետա Վերմիշյանի ստեղծած պլաստիլինե դեմքերն են, որ ընդգծված բնավորություն ու հոգեվիճակ են արտահայտում։ Պլաստիլինը ձեռքն առնել ստիպել են թոռները։ Հետո հեքիաթի հերոսներին մարդիկ են փոխարինել։
«Ասում էին՝ աղվես սարքի, գայլ սարքի, դե ես էլ ինչքան հնարավորություն ունեի, սարքում էի։ Փոքր Տիգրանն ասում էր՝ աղվես սարքի ու բադիկներ, հետո ասում էր՝ բա որ աղվեսը բադիկներին ուտի։ Հիմա էլ գետակ էի սարքում, որ աղվեսը չկարողանա անցնել բադիկների մոտ։ Ու էդպես սկսեցի պլաստիլինի հետ աշխատել։ Շատ ժամանակ էրեխեքը ջարդում էին, փչացնում էին, բայց ոնց որ իրենք ինձ բան [ազդակ] տվեցին։ Զգում էի, որ կարողանում եմ, զարմանում էի, որ ճիշտ ա ստացվել, կամ Տիգրանը միշտ ասում էր՝ շատ լավ շարժում կա, ճիշտ ես արել, ոնց որ ոգեւորում էր, ավելի շատ դրանից ոգեւորվեցի»,- պլաստիլինով աշխատելու նախապատմությունն է ներկայացնում տիկին Լարետան։
Վերջին տարիներին առօրյա գնումների ցանկում պարտադիր կա պլաստիլինը, բայց որակը նրան այնքան էլ չի գոհացնում։ Տեղի խանութներում այլ բան գտնելն անհնարին է։ Պատմում է՝ սկզբում որեւէ մեկի մտքով չէր անցնում, որ պլաստիլինն իր համար է գնում։
«Ոտքի կոտրվածք ունեի, ազատ ժամանակ ավելի շատ ունեի։ Երեւի չորս տարի ա արդեն։ Հետո արդեն ուզում էի զբաղվել։ Տիգրանն ա ոգեւորվում հիմնականում իմ սարքածներով, ինքն ա ուղղություններ տալիս, ասում ա՝ այ սենց որ լիներ, ավելի ճիշտ կլիներ, որպես մասնագետ։ Հիմնականում ականջն ա ասում՝ ճիշտ չես անում, տեղը չես դնում, կամ՝ ուշադիր ի՛նձ նայիր, իմ ականջը որտե՞ղ ա։ Խորհուրդներն իրա ընդունում եմ, բայց ինքն էլ ա զարմանում, ասում ա՝ երեւի պլաստիլինով ես էսպես չկարողանամ անել»,- ասում է Լարետա Վերմիշյանը։
Նկարիչ ամուսինը քանդակով զբաղվող կնոջը խոստացել է որակյալ, հենց քանդակի համար նախատեսված պլաստիլին գնել։ Բացի այդ՝ մտադիր են նոր կերպարներ ու բնավորություններ կերտել նաեւ կավից։
«Ձեռքի հետ առաջանում են կերպարները, թե չէ չեմ որոշում ինչ-որ մեկի կերպարը ստեղծել։ Աշխատելուց հետո ա դառնում կերպար։ Վերջացնում եմ, Տիգրանի քննությանն եմ ենթարկում, ասում եմ՝ հլա ինչ դաժան մարդ ա, խելոք մարդ ա, գյուղի ռանչպար, աշխատավոր մարդ ա։ Շատերը անուններ ունեն»,- իր ստեղծած կերպարների մասին է պատմում ակամա քանդակագործ դարձած կինը։
Մինչ ամուսինը՝ Տիգրան Մաշինյանը, հերթական կերպարին է բնութագրում եւ նմանեցնում նրան «մտածող մարդու», տիկին Լարետան ասում է, որ այդ դիմաքանդակը տեսնելով՝ շատերն են Հրանտ Մաթեւոսյանի անունը տալիս։
Իսկ ընդհանրապես իր աշխատանքները տեսնողները փորձում են գտնել այլ անվանիների դեմքեր։ Թեեւ նրանց կողքին նաեւ հորեղբայր Շուրիկը, հարեւան Վասոն են ու դեռեւս անուն չունեցող մարդկային բնավորություններ։
Մասնագիտությամբ լրագրող եմ։ 15-ամյա աշխատանքային գործունեությանս մեծ մասն անցել է հեռուստատեսության ոլորտում՝ Ալավերդու «Անկյուն+3» հեռուստաընկերությունում։