ՀՀ ԱԳՆ-ից հայտնել են, որ արտգործնախարար Արարատ Միրզոյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Չինաստանի արտգործնախարար Վանգ Յիի հետ։ Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հայ-չինական հարաբերությունները վճռականորեն սերտացնելու եւ խորացնելու պատրաստակամություն են հայտնել:
Կարեւորվել է տնտեսական համագործակցության բնագավառի մեծ ներուժի օգտագործումը, ներդրումների խրախուսումը, ենթակառուցվածքների զարգացումը եւ լոգիստիկ մարտահրավերների հաղթահարումը: Այս համատեքստում շեշտվել է տարածաշրջանի տրանսպորտային եւ տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակման գործընթացի անհրաժեշտությունը:
Ներկայացնելով հայկական կողմի դիրքորոշումը տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատման վերաբերյալ՝ Արարատ Միրզոյանն ընդգծել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ տարբեր ուղղություններով բանակցությունների նշանակությունը, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերը: Երկուստեք կարեւորվել է միջազգայնորեն ընդունված բանակցային ձեւաչափի կենսունակությունը եւ խաղաղության գործընթացի առաջմղումը:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաեւ տարածաշրջանային ու միջազգային օրակարգի՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ: