ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանը երկկողմ կապուղիներով Շվեդիային եւ Ֆինլանդիային նախազգուշացրել է վերջիններիս ՆԱՏՕ-ին անդամակցության հետեւանքների մասին: Նա նշել է, որ Բրյուսելը ԱՄՆ հովանու ներքո հիշատակված երկրներին վաղուց ներքաշել է իր կառույցների մեջ, եւ դրանում ոչ մի նոր բան չկա:
Զախարովան զգուշացրել է, որ եթե Շվեդիան եւ Ֆինլանդիան գնան այդ ճանապարհով, աշխարհաքաղաքական իրադրությունը Եվրոպայում կփոխվի:
«Մենք մեր նախազգուշացումներն արել ենք ե՛ւ հրապարակայնորեն, ե՛ւ երկկողմ կապուղիներով: Նրանք դրա մասին գիտեն եւ զարմանալու բան չունեն, ամեն ինչ նրանց տեղեկացրել ենք, թե դա ինչի կհանգեցնի»,- ասել է Զախարովան «Ռոսիա-24» հեռուստաալիքի եթերում:
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ում հայտարարել էին, որ Շվեդիան եւ Ֆինլանդիան պետք է հասկանան ՆԱՏՕ-ին հնարավոր անդամակցության հետեւանքները Ռուսաստանի հետ երկկողմ հարաբերությունների համար, ինչպես նաեւ այն, թե ինչպես դա կազդի անվտանգության եվրոպական համակարգի վրա:
Ավելի վաղ ռուսաստանցի ռազմական փորձագետ Դմիտրի Կորնեւը հայտնել էր, որ եթե Ֆինլանդիան եւ Շվեդիան միանան ՆԱՏՕ-ին, Ռուսաստանը ստիպված կլինի ամրապնդել իր արեւմտյան սահմանները։ Ավելին՝ Կորնեւը նշել էր, որ հարկ եղած դեպքում տարածաշրջանում կարող է հայտնվել նաեւ միջուկային զենք: