Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման (ՀԹՀԿ) նոր գործընթացը, որը սկսվել է 2021 թվականի դեկտեմբերին, թեեւ դանդաղ, բայց շարունակվում է։
Կարգավորման օրակարգն ու քննարկվող հարցերը դեռեւս փակ են։ Երկու երկրների հասարակությունները, քաղաքական եւ փորձագիտական շրջանակները կարող են միայն կանխատեսել գործընթացի հեռանկարն ու արդյունքը, բայց կարգավորման հասունացած անհրաժեշտության մասին ունեն սեփական կարծիք եւ տեսակետ, որոնք մեզ անծանոթ են։
Փակ մտքերը բացելու, քննարկումն առավել ընդարձակելու եւ Հայաստանի հասարակությանը փոխանցելու համար «Ալիք Մեդիան» սկսում է «Վաղը» հաղորդաշարը, որի թողարկումները կարելի է դիտել կայքում, սոցցանցային հարթակներում ամեն չորեքշաբթի եւ շաբաթ՝ երեկոյան ժամը 8-ին։
Հաղորդաշարի նկարահանումներն արվել են Ստամբուլի Ֆերիգյուղի Ս. Վարդանանց եկեղեցու տարածքում։ «Ալիք Մեդիայի» տարածաշրջանային մեկնաբան Լիլիթ Գրիգորյանը զրուցել է թուրք լրագրողների, քաղաքագետների եւ դիվանագետների, մտավորականների ու քաղհասարակության ներկայացուցիչների, ինչպես նաեւ հայ համայնքը ներկայացնող անձանց հետ։
Առաջիկա շաբաթ՝ ապրիլի 23-ին, «Վաղը» հաղորդաշարի հյուրը Թուրքիայի Ազգային մեծ ժողովի հայազգի պատգամավոր Գարո Փայլանն է։
Ստեղծագործական խումբն իր երախտագիտությունն է հայտնում Ստամբուլի «Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանին եւ Ֆերիգյուղի Ս. Վարդանանց եկեղեցու թաղային խորհրդին հոգատար աջակցության համար։