Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Ուկրաինան խաղաղ բանակցությունների շրջանակում Ռուսաստանից չի ստացել փաստաթղթերի փաթեթ: Նա ասել է, որ դրա մասին ոչինչ չի լսել, Կիեւին ոչինչ չեն փոխանցել:
ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ապրիլի 20-ին ավելի վաղ հայտարարել էր, որ Ռուսաստանը բանակցային գործընթացի շրջանակում Ուկրաինային է փոխանցել երկկողմ համաձայնագրի իր տարբերակը՝ հստակ ձեւակերպումներով: Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել էր, թե այս պահին գնդակը ուկրաինացիների դաշտում է, եւ Մոսկվայում սպասում են Կիեւի պատասխանին:
Հարցին՝ արդյո՞ք ռուսական կողմը հստակ ժամկետներ է սահմանել իր առաջարկին արձագանքելու համար, Կրեմլի խոսնակը միայն նշել էր. «Կախված է ուկրաինական կողմից»։
Զելենսկին, ի պատասխան, Պեսկովի «գնդակը ուկրաինացիների դաշտում է» հայտարարությունը մեկնաբանել է ֆուտբոլային կանոնների եզրույթներով՝ նշելով, որ խաղաղ ժամանակ ինքը ֆուտբոլ վատ չէր խաղում:
«Կանոնները հետեւյալն են. անհրաժեշտ են երկու թիմ եւ մեկ գնդակ: Այստեղ, ինձ թվում է, նա՝ պարոն Պեսկովը, ինքն իր հետ է ֆուտբոլ խաղում: Նման բաների հետ խաղ չեն անում: Այս ամենին պետք է լրջորեն մոտենալ: Դրա համար էլ, երբ մեզ իսկապես գնդակը փոխանցեն, անպայման ցույց կտանք դարպասին հարվածելու եղանակը»,- եզրափակել է Զելենսկին: