Սերժ Սարգսյանը եւ Նիկոլ Փաշինյանը վիճում են։ Պարտության ու կորուստների համար իրար են մեղադրում։ Սարգսյանը պնդում է, թե Փաշինյանին շահավետ բանակցային վիճակ է թողել։ Փաշինյանը չի համաձայնում ու հակադարձում է։ Փաշինյանն, իհարկե, ճիշտ է, բայց բանավեճն անիմաստ է։ Այս մարդկանց բանավեճից ճշմարտություն ծնվել չի կարող, որովհետեւ յուրաքանչյուրը սեփական խնդիրն է լուծում։ Երկուսն էլ դիմացինի հաշվին արդարանալու խնդիր ունեն։
2020-ի նոյեմբերի 9-ից հետո, երբ վավերացվեց մեր պարտությունը, Փաշինյանը կազմակերպում, մասնակցում ու վարում է այս բանավեճը։ Փորձում է ապացուցել, թե այն, ինչ տեղի ունեցավ, անխուսափելի էր եւ բոլորովին պայմանավորված չէր իրենով։ Փորձում է համոզել, թե արհավիրքը տարիներով նախապատրաստվել ու ծրագրվել էր, եւ ընթացքը բեկել ինքն այլեւս չէր կարող։ Նա չի հիշում ո՛չ 2018-ի, ո՛չ 2019-ի եւ ո՛չ էլ 2020-ի բանակցային ընթացքի մասին իր ելույթները։ Չի հիշում բանակցությունները զրո կետից կամ իր կետից սկսելու պահանջները։ Ոչ էլ հիշում է, որ Արցախի հարցում տարիներ շարունակ ամենաանզիջում դիրքերից հանդես եկողների ավանգարդում է եղել։
Նրա ինքնարդարացնող ելույթները նոր չեն ու չեն զարմացնում։ Զարմացնող չէ նաեւ նրա բացականչությունը, թե պատերազմի ու պարտության համար ի սկզբանե ընդունել է իր մեղքն ու պատասխանատվությունը, թե մեղավոր է, որ 2018-2019 թվականներին հանրությանը չի բացատրել, որ զիջումներն անխուսափելի են։
Բայց նրա հնչեցրած մեկ այլ միտք, եթե չի էլ զարմացնում, ապա իր դաժանությամբ թեւաթափ է անում։ Ասում է․ «Ինձ պետք է մեղադրել ոչ թե հողեր հանձնելու, այլ հողեր չհանձնելու մեջ: Հանձնելով գուցե փրկեի հազարավոր կյանքեր, իսկ չհանձնելով, փաստորեն, հազարավոր զոհերի հանգեցրած որոշումների հեղինակ դարձա»։ Պարզ լեզվով սա նշանակում է՝ կարող էի առանց պատերազմի ու առանց զոհերի՝ բանակցելով ու զիջումներով լուծել խնդիրը, բայց նախընտրեցի գնալ պատերազմի, գրանցել ջախջախիչ պարտություն, տալ մեծաքանակ զոհեր ու զիջել ավելին, քան պահանջվում էր բանակցություններով։
Խոսքը հազարավոր զոհերի մասին է։ Խոսքը հազարավոր սգացող մայրերի ու կորստի ցավից կարկամած քույրերի մասին է։ Խոսքը հաշմանդամ դարձած հազարավոր երիտասարդների մասին է։ Խոսքը գերիների մասին է։ Խոսքը տնազուրկ ընտանիքների ու հակառակորդի թիրախում գտնվող տների մասին է։ Խոսքը փակուղու մասին է, ուր նետվել է մեր երկիրը։ Խոսքը նվաստացման մասին է, որ ապրում է մեր ժողովուրդը, որ ապրում ենք մենք ու որից չենք ձերբազատվելու։ Այն մնալու է մեզ հետ, մնալու է որպես խարան, որովհետեւ մեր ապաշնորհ ու ինքնասիրահարված իշխանավորի մեղքով է եղել։
Սեփական սխալների նման ընկալումից հետո, գիտակցելուց հետո, որ հազարավոր զոհերի ու հսկայական կորուստների պատճառ ես հանդիսացել, նման միտք ձեւակերպելուց ու բարձրաձայն արտաբերելուց հետո, եթե այն հենց այնպես նետված միտք չէ, եթե այն իրոք հասկացվել ու ապրվել է, մարդը, թվում է, պետք է կարկամի։ Մարդը պետք է սրտի ցավից կծկվի ու ծնկի։ Սա հասկանալուց հետո մարդը պետք է լռի։
Մարդկությանը հայտնի առաջին մարդասպանը՝ Կայենը, երբ սպանում էր իր եղբորը, դեռ չկար «Մի՛ սպանիր» պատվիրանը։ Մարդը դեռ չգիտեր՝ ինչ է սպանությունը։ Չգիտեր, որ դա մեղք է ու հանցագործություն։ Բայց երբ նրան մատնացույց արվեց նրա հանցանքը, երբ ասվեց՝ «Այդ ի՞նչ արեցիր, քո եղբոր արյան կանչը երկրից բողոքում է ինձ», նա գիտակցեց իր մեղքն ու սարսափեց։ Մեկ վայրկյանում առ ոչինչ դարձան սպանության դրդող բոլոր շարժառիթները։ Հասկացավ, թե ինչ սարսափելի ոճիր է գործել, որ իր արարքն արդարացնող ոչ մի պատճառ լինել չի կարող։ Հասկացավ՝ չկա արդարացում, ու մրմնջաց՝ «Գործածս մեղքը մեծ է թողության արժանի լինելու համար», ու մեղքի ծանրության տակ կքած հեռացավ։
Մեր դեպքում, սակայն, հազարավոր զոհերի հանգեցրած որոշումների հեղինակը ոչ միայն չի լռում ու հեռանում, այլեւ մնում ու աղմկում է։ Իր քայլերն ու իր որոշումներն այլոց սխալներով է փորձում բացատրել։ Վատ ժառանգությամբ է պայմանավորում։ Արդարացումներ է որոնում-հորինում։
Կարելի է եզրակացնել, որ «հազարավոր զոհերի» մասին ասված միտքը քարոզչական հնարք է ընդամենը։ Լավագույն դեպքում՝ ոչինչ չասող նախադասություն է։ Հենց այնպես նետված խոսքեր են, որոնց մեջ չկա ոչինչ։ Չկա ցավ, ու չկա ափսոսանք։ Չկա մորմոք, ու չկա զղջում։ Կա միայն խնդիրը, որ ինքն իր համար ձեւակերպել է, եւ կա ցանկացած գնով ու եղանակով այդ խնդիրը լուծելու անհրաժեշտություն։
Իրավապաշտպան, հասարակական գործիչ` խորհրդային այլախոհի տպավորիչ կենսագրությամբ։ 2004-ին ստեղծել է «Իրավունքի եւ ազատության կենտրոնը», որի հիմնադիր ղեկավարն է։ Հրապարակել է հայ այլախոհության պատմությունը ներկայացնող երկու գիրք՝ «Այլախոհությունը խորհրդային Հայաստանում» եւ «Քաղբանտարկյալի պատմություն»։