Բազմազավակ միայնակ մայր Լիլիթ Խաչատրյանը Արցախի Քաշաթաղի շրջանի Ղազարապատ համայնքի հաշվապահն էր: 44-օրյա պատերազմի հետեւանքով նա ստիպված է եղել թողնել գյուղում իր երկու տները` հետը տանելով դրանց պատուհաններն ու տանիքը: «Ես վեց երեխաներիս չէի կարող առանց տանիքի թողնել»,- ասում է Լիլիթը:
Պատերազմի սկզբում վեց երեխաների մայրը գյուղի համայնքապետարանի միակ աշխատողն է եղել, որն իր վրա է վերցրել հարեւանների ու նրանց ունեցվածքի տարհանումը: «Երեկոյան ժամերին բնակիչներին ասում էինք, որ պատուհանները փակ պահեն, լույսը չմիացնեն, որ ԱԹՍ-ները նրանց չթիրախավորեն: Ամեն օր երեկոյան դուրս էի գալիս, շրջում գյուղում, որ հանկարծ ոչ ոք մոռացած չլինի դա անել: Ինձ հարցնում էին` չե՞ս վախենում, բայց ես գիտեի, որ ինչ-որ մեկը պետք է դա անի… Գյուղի համարյա բոլորի իրերը ես եմ հավաքել, ոչ մի բան չեմ կոտրել»,- ժպտալով պատմում է նա:
Այժմ ընտանիքն ապրում է Հայաստանում՝ Արարատի մարզի Նորամարգ գյուղում: Այստեղ կինը կիսաքանդ տուն է գտել, որը որդիների հետ նորոգում է: Ղազարապատի հարազատ տան տանիքն ու պատուհաններն արդեն տեղադրվել են նոր տան վրա:
Լիլիթ Խաչատրյան. «Ամուսինս մահացել է 2015-ին դժբախտ պատահարից:
Մեզ մոտ՝ անտառում էր աշխատում, դեպքը հենց անտառում է եղել»:
2020-ի նոյեմբերի 9-ի հրադադարից հետո հայտնի է դարձել, որ ի թիվս այլ բնակավայրերի,
Ղազարապատի բնակիչներին 15 օր է տրվում տներն ընդմիշտ լքելու համար:
Նորամարգում ընտանիքն ապրել է կիսաքանդ տան մեջ, որտեղ ո՛չ ջուր է եղել, ո՛չ հոսանք:
Սակայն մի քանի օրում բարեկամներն օգնել են ստեղծելու ապրելու նվազագույն պայմանները:
Ընտանիքը պատերազմի հետեւանքով կորցրել է ոչ թե մեկ, այլ երկու տուն: Լիլիթ Խաչատրյան. «Կառավարությունը մեզ համար՝
որպես բազմազավակ ընտանիքի, նոր տուն էր կառուցել, շուտով պետք է սկսեինք այնտեղ ապրել, բայց սկսվեց պատերազմը»:
«Երբ ամուսինս դեռ ողջ էր, ասում էր` մինչեւ այդ տունը սարքեն, մեզ տան, պատերազմ կլինի, ոչ մեկս չենք հասցնի ապրել էնտեղ:
Ասում էի` ի՞նչ ես խոսում: Իմ մտքով չէր անցնում, որ ամեն ինչ այսպես կլինի»:
Լիլիթը ցույց է տալիս Ղազարապատից Հայաստան տեղափոխած եւ նոր տան նորոգման մեջ դեռ չօգտագործված փայտերը:
Ընտանիքը իր հետ Հայաստան է տեղափոխել նաեւ իրենց գամփռ շանը: Լիլիթն ասում է՝ շունն ընտանիքի անդամն է,
եւ ինքը ոչ մի դեպքում չէր կարող թողնել նրան թշնամուն:
Լիլիթ Խաչատրյան. «Մինչեւ հիմա էլ եթե մի տեղ ժեշտ [թիթեղ] է դմփում, էրեխեքը վեր են թռչում,
մենք տնից վազում ենք դուրս, մեզ թվում է, թե պայթյուն է»:
«Սկզբում այնքան էինք վախեցած, մտածում էինք` ինչ էլ լինի, էլ երբեք հետ չեմ գնա:
Բայց հիմա մտածում եմ՝ եթե հանկարծ բան փոխվի, միանգամից հետ եմ գնալու»:
Ընտանիքի չորս որդիներից ավագն այժմ աշխատում է, մյուսը երկու ամիս առաջ զորակոչվել է բանակ, Արցախում է ծառայում:
Կրտսերներն էլ դեռ դպրոցական են:
Լիլիթ Խաչատրյան. «Ամենածանրն այն եմ տանում, որ ինչը չկարողացանք մեր գյուղից հանել, մեզ հետ բերել, վառեցինք,
բայց պարզվեց՝ չի վառվել»:
«Երբ մենք արդեն շարժվեցինք, տղաները տան հատակին վառելանյութ են լցրել ու վառել են: Տունը պետք է որ ամբողջությամբ վառված լիներ,
բայց հետո ադրբեջանցիների վիդեոներում մեր տունը տեսանք: Վառվել էր միայն փայտյա հատակը»:
«Նանուշենց տունը վառվել էր, դպրոցը վառվել էր, Կարոյենցը վառվել էր, մերը չէր վառվել:
Բայց եթե իմ երեխաները այդտեղ չէին ապրելու, ոչ ոք չպետք է ապրեր, առավել եւս ադրբեջանցին»:
Պատերազմից 1 տարի 8 ամիս անց ընտանիքի նոր տան նորոգման աշխատանքները դանդաղ են ընթանում:
Սեփական միջոցներ չունենալու պատճառով շինանյութ ու քարեր ձեռք բերելու հարցում ընտանիքին օգնում են բարեկամներն ու բարերարները:
Լրագրող, լուսանկարիչ, Խոսքի ազատության մրցանակի դափնեկիր։ Մասնակցել է լուսանկարչական ցուցահանդեսների ՄԱԿ-ի կենտրոնակայանում (Նյու Յորք) եւ ժնեւյան գրասենյակում, Եվրոպայի պալատում (Ստրասբուրգ), Փարիզում, Հռոմում, Բեռլինում, Վիեննայում եւ այլուր։