Ապրիլի 20-ին «Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ Կախվածությունների բուժման ազգային կենտրոնում կայացավ «Թմրաբանական (նարկոլոգիական) հիվանդությունների բուժման արդի հարցերը» թեմայով դասընթաց թմրաբանների (նարկոլոգների) եւ հոգեբույժների համար: Ներկայացվեցին ալկոհոլային եւ օփիոդային կախվածության բուժման արդի մոտեցումները:
Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի տնօրեն Սուրեն Նազինյանն անդրադարձավ տարածաշրջանում խնդրահարույց թեմաների: Մեզ հետ զրույցում նա նշեց, որ կախվածությունների բուժման դինամիկ զարգացող այս ոլորտը Հայաստանում տասնամյակներ շարունակ եղել է ճահճային վիճակում. «Այնպես չէ, որ ինչ-որ բան չի արվել, բայց մենք միշտ զիջել ենք միջազգային կազմակերպություններին: Այժմ դասընթացի նպատակն է նպաստել բժիշկների վերապատրաստմանը»:
Ալկոհոլից, թմրանյութերից, մոլախաղերից կախվածությունները վնաս են հասցնում ոչ միայն տվյալ մարդու առողջությանը, այլեւ փոխում են նրան շրջապատող մարդկանց կյանքի որակն, ազդում հասարակության վրա:
Բոլոր կախվածություններն ունեն ախտաբանական հիմք: Դրանք միայն վարքային շեղման, ընտրության հետեւանք չեն: Դրանք հիվանդություններ են, որոնց բուժման համար բազմակողմանի մոտեցում է հարկավոր:
Նազինյանը նկատում է, որ կենտրոն դիմողների տարիքը երիտասարդացել է: Եթե նախկինում թմրանյութերը հասանելի էին ավելի հասուն տարիքի մարդկանց, ապա հիմա կենտրոնն ունի նաեւ անչափահաս հաճախորդներ: Այս ամենին նպաստում են տեղեկատվական տեխնոլոգիաները:
Այսօր թմրամիջոցներն իրացվում են հավելվածների, սոցիալական ցանցերի միջոցով, ինչին հակազդելը մեր իրավական ոլորտի համար շատ բարդ է, որովհետեւ գրեթե անհնար է նույնականացնելը:
Տնօրենը նշում է, որ կախվածության համախտանիշով դիմորդների ցանկում կանանց թիվը փոքր է, բայց, ցավոք, աճի միտում է նկատվում: Դրան, իհարկե, նպաստում են օբյեկտիվ ու սուբյեկտիվ մի շարք պատճառներ:
Իսկ կենտրոնի հոգեբան Նարինե Աբրահամյան-Թովմասյանը կարծում է՝ գուցե նախկինում էլ նույն թվաքանակով կանայք են տառապել կախավածությամբ, սակայն այժմ նրանք ավելի հետեւողական են ու գիտեն, որ կենտրոնում օգնություն կգտնեն, դրա համար էլ դիմում են:
Խոսելով այն մասին, թե ինչպիսի կանխարգելիչ միջոցառումներ է հարկավոր կազմակերպել վիճակագրությունը փոխելու եւ դրական արդյունք գրանցելու համար՝ Նազինյանն ասում է. «Մենք առողջապահության նախարարի տեղակալից հանձնարարական ենք ստացել՝ գործընկեր կազմակերպությունների, գերատեսչությունների հետ իրազեկման ու կանխարգելման միջոցառումների, գործիքակազմի վերանայման համար մշակել մեխանիզմներ: Սրա նպատակն է դեռահասներին բավարար գիտելիքներ փոխանցել հոգեմետ ազդեցություն ունեցող նյութերի օգատգործման վերաբերյալ: Կարծում եմ՝ այսօր շատ երիտասարդներ խոր պատկերացում չունեն այդ ամենի վերաբերյալ, նրանց գիտելիքներն էպիզոդիկ են»:
Հոգեբանը նկատում է, որ վերջին շրջանում իրազեկվածության բարձրացման շնորհիվ շատերն արդեն գալիս են վաղ փուլերում. «Ունենք դեպք, երբ 18-ամյա հաճախորդը կախվածության սկզբնական փուլում դիմել է կենտրոն: Պատահում է նաեւ, որ ընտանիքի անդամները երեխայի վարքային փոփոխությունները վերագրում են տարիքին, անհազանդությանը՝ չհասկանալով, որ ինչ-ոչ լուրջ խնդիր կա»:
Կենտրոնի դիմորդների ցանկում մեծանում է նաեւ խաղամոլությամբ տառապողների թվաքանակը: Այս դեպքում ծնողները գիտակցում են խնդրի լրջությունը, երբ տնից անհետանում են մեծ գումարներ, ու արդեն անհնար է լինում կախվածությունը թաքցնելը: Հոգեբանը հիշում է, որ եղել է անգամ ինքնավնասման դեպք, ինչի շնորհիվ էլ ընտանիքը նկատել է տան անդամի խնդիրը:
Կենտրոնի մասնագետներն աշխատում են ոչ միայն կախվածության համախտանիշ ունեցող անձանց, այլեւ նրանց ընտանիքների անդամների՝ փոխկախյալների հետ, որոնք, անկախ իրենց նպատակներից, լավ մղումներից, վերաբերմունքով, համոզմունքներով կարող են վնասել կախյալին: Բուժումից հետո նրանք կապ են պահպանում նախկին հաճախորդների հետ:
Կենտրոնի այցելուների շրջանում հիմնական դժվարությունը վճարունակությունն է կամ հեռավոր շրջաններից Երեւան հասնելը: Շատերը նաեւ վախենում են հասարակության կարծիքից, պիտակավորումից: Սակայն եթե մոտիվացիան կա, նյութական ու ֆիզիկական դժվարությունները չեն խանգարի բուժմանը:
Ցանկացած խնդրի գիտակցումն ու բարձրաձայնումն այն հաղթահարելու առաջին քայլն է: