Ավստրիայի խորհրդարանի Կանաչների կուսակցությունից ընտրված պատգամավոր Բերիվան Ասլանը մեկնաբանել է Ուկրաինայում տիրող վիճակն ու դրա հետեւանքները Եվրոպայի վրա։ Պատգամավորը շեշտել է, որ քանի դեռ պատերազմը շարունակվում է, Եվրոպայի տնտեսության վրա՝ վառելիք, սննդամթերք, գնաճ եւ այլն, զգացվում է դրա ազդեցությունը։ Ասլանը նշել է, որ մինչեւ օրս Եվրոպան Պուտինին կառավարում էր բնական գազի եւ աշխարհաքաղաքական գործոններով։ Ճիշտ այնպես, ինչպես Էրդողանին՝ փախստականների հարցով։
«Եվրադատարանը թե՛ Էրդողանի եւ թե՛ Պուտինի կառավարություններին դատապարտել է մարդու իրավունքների խախտումների համար: Իհարկե, Եվրամիությունը գիտի՝ որքան հակաժողովրդավարական են երկու կառավարություններն էլ, բայց իր շահերով պայմանավորված, մեկի հանգամանքը շահարկում է ավելի շատ, մյուսինը՝ ավելի նվազ»,- ընդգծել է Բերիվան Ասլանը։
Ավստրիայի խորհրդարանի պատգամավորը համոզմունք է հայտնել, որ Եվրամիությունը երկակի ստանդարտներ է կիրառում. Պուտինի վրա բղավում է, իսկ Էրդողանի դեպքում՝ խուլ եւ համր դառնում։
Ավստրիացի պատգամավորն այնուհանդերձ համոզմունք է հայտնել, որ Էրդողանի վերադարձի հնարավորություններն արդեն սպառվել են, տնտեսական ճգնաժամը Թուրքիայում հասել է գագաթնակետին, եվրաինտեգրման հարաբերությունները վերջին տարիներին սողեսող վիճակում են։ Ուստի Էրդողանն ամեն ինչ կանի իշխանության ղեկին մնալու եւ իրավիճակը շտկելու համար: