ՌԴ արտգործնախարարության ԱՊՀ երկրների երկրորդ դեպարտամենտի տնօրեն Ալեքսեյ Պոլիշչուկը հայտարարել է, որ Մոսկվան ուշադրությամբ հետեւում է Կիեւի ու Քիշնեւի՝ ԵՄ-ին անդամակցելու թեկնածուի կարգավիճակ ստանալու վերաբերյալ հայտարարություններին: Դիվանագետը նշել է, որ երկու երկրներն էլ ասոցացման համաձայնագրեր ունեն ԵՄ-ի հետ, մասնակցում են Արեւելյան գործընկերությանը, Վրաստանի հետ միավորվել են եվրաինտեգրման ասոցացված եռյակի մեջ:
Պոլիշչուկը շեշտել է, որ 2013-2014 թվականներին Մայդանի իրադարձությունների խթան դարձավ հենց Եվրամիության հետ Ուկրաինայի համաձայնագիրը, որի ստորագրումն այն ժամանակ կառավարությունը հետաձգեց Ռուսաստանի եւ ԱՊՀ-ի մյուս երկրների հետ առեւտրատնտեսական կապերի հնարավոր հետեւանքները հստակեցնելու համար:
ԱԳՆ-ի ներկայացուցիչը պնդել է, թե այդ իրադարձությունները հանգեցրել են «հակասահմանադրական պետական հեղաշրջման, Դոնբասում քաղաքացիական պատերազմի եւ այն իրավիճակին, որը մենք ունենք այսօր»,- հավելել է:
Ռուսաստանցի պաշտոնյան պնդել է նաեւ, թե ռուս-ուկրաինական բանակցություններն ուղեկցվում են Կիեւի ագրեսիվ հռետորաբանությամբ, իսկ ուկրաինական պատվիրակության դիրքորոշումը պարբերաբար փոփոխվում է:
«Մենք սկզբունքորեն պատրաստ ենք ուկրաինական ճգնաժամի հիմքում ընկած խնդիրների եւ Ուկրաինայում իրադրության կարգավորման ուղիների շուրջ շփումների։ Բայց դրանք պետք է լինեն լավ նախապատրաստված եւ բովանդակալից, ոչ թե իրականացվեն ուշադրությունը շեղելու համար»,- նշել է Ալեքսեյ Պոլիշչուկը: