Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) այս տարվա համաշխարհային տնտեսական աճի իր կանխատեսումը 4,4 %-ից նվազեցրել է մինչեւ 3,6 %: ԱՄՀ գլխավոր տնտեսագետ Պիեռ Օլիվյե Գուրինչասn ընդգծել է, որ համավարակի հետեւանքով տուժած տնտեսությունը, ռուս-ուկրաինական հակամարտությունը եւ Մոսկվայի դեմ արեւմտյան պատժամիջոցները ավելի են սրել անորոշությունը՝ ազդելով համաշխարհային առեւտրի, նավթի գների բարձրացման եւ սննդի մատակարարման վրա։
Համաշխարհային բանկը եւս 2022-ի համաշխարհային տնտեսական աճի իր գնահատականը 4,1 %-ից նվազեցրել է մինչեւ 3,2 %։ Էլեկտրաէներգիայի եւ ապրանքների գնաճը նպաստել են արտադրանքի ծավալների անկմանն ու գնաճի ավելացմանը:
Ջորջ Վաշինգտոնի համալսարանի տնտեսագիտության պրոֆեսոր Դիանա Ֆուրխտգոթ-Ռոթը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում նշել է, որ զգալիորեն դանդաղել է նաեւ ներմուծվող ապրանքների համար մեկշաբաթյա կարանտին սահմանած Չինաստանի տնտեսական աճը։ Դրանից բացի, նա հիշեցրել է, որ Հոնկոնգի եւ Շանհայի նավահանգիստներում արգելափակման պատճառով խցանումներ են:
Վաշինգտոնում Արժույթի միջազգային հիմնադրամի եւ Համաշխարհային բանկի գարնանային հանդիպումներին մասնակցող տարբեր երկրների Կենտրոնական բանկերի ներկայացուցիչները քննարկում են առանց աշխարհին նոր ճգնաժամի մեջ ներքաշելու գնաճը զսպելու տարբերակները: